Մինասյան. Իրանի համար Հայաստանը շարունակում է կարևորագույն գործընկեր լինել

big_1352369402_1386398Նավթի գների կտրուկ անկումն Ադրբեջանում ստեղծել է բավականին բարդ իրավիճակ: Այսօր հրավիրված  ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նրա համոզմամբ՝ այդ խնդիրները ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական բնույթ են կրում:

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանին առաջիկայում լավ օրեր չեն սպասվում: «Սկսվում է Միլի Մեջլիսի արտահերթ նստաշրջանը, որը,  ըստ հայտարարված օրակարգի, պետք է քննարկի տնտեսական խնդիրներ, մասնավորապես, այս տարվա բյուջեի էական կրճատում, արտահանող կապիտալի նկատմամբ պատժամիջոցների սահմանում: Սա սովորաբար ընդամենը կարճաժամկետ դրական ազդեցություն է ունենում որևէ երկրի համար, իսկ երկարաժամկետ առումով կարող է միայն վնասներ բերել»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ խնդիրները գլխացավ կդառնան, մասնավորապես, օտարերկրյա ներդրողների համար:

«Ադրբեջանը իր կարճաժամկետ խնդիրները լուծելու համար մի կողմ է թողնում տնտեսական զարգացման հեռանկարները: Սա խոսում է այն մասին, որ այնտեղ իրավիճակը բարդ է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով: Այն մեծ գնաճը, որ այսօր առկա է Ադրբեջանում, առաջացնում է հուզումներ երկրի տարբեր հատվածներում, որոնք առավել նկատելի են հատկապես սահմանամերձ տարածքներում: Ես չեմ բացառում, որ այս սոցիալական հուզումները ցայտուն դրսևորում ստանա այն տարածքներում, որտեղ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններն են բնակվում»,- ասաց նա՝ ընդգծելով նաև, որ Իրանն էլ իր հերթին փորձելու է պաշտպանել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների այն հատվածին, որոնք շիայականությանն են դավանում:

«Նրանք հիմնականում ճնշումների են ենթարկվում Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը՝ Գ. Մինասյանը նախ ընդգծեց, որ Հայաստանը Իրանի համար շարունակում է տարածաշրջանում կարևորագույն գործընկեր լինել, ապա հավելեց, որ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանի դերն այդ երկրի համար ավելի կարևոր է դառնում:

«Եթե նախկինում Իրանը չուներ այն պոտենցիալը, որպեսզի կարողանար օգտագործել Հայաստանի հնարավորությունները իր արտաքին տնտեսական խնդիրները լուծելու համար, ապա այսօր նման հնարավորություն ունի: Եթե հաշվի առնենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Իրանի բարդ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները, Հայաստանի դերակատարումն այդ երկրի համար ավելի է մեծանում»,- ասաց նա՝ շեշտելով, որ Իրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում շատ կարևոր է հատկապես Հյուսիս-հարավ մայրուղու շահագործումը, որի շահագործումից հետո Իրանից բեռնափոխադրումները դեպի Սև ծով  ավելի արագ ու ապահով կդառնան:

Դիտվել է 26 անգամ
 


Այս թեմայով