ՄԻԵԴ որոշման մեջ իշխանության օգտին ոչինչ չկա,...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՄԻԵԴ-ը հրապարակել է իր խորհրդատվական կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով: Սահմանադրական դատարանի դիմումը  կապված էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ, որով մեղադրվում է Քոչարյանը։

Խոսքը վերաբերում է 2009 թվականի Քրեական օրենսգրքի դրույթի մեկնաբանմանը սահմանադրական կարգի տապալման եւ դրա կիրառման մասին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո («պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա») նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի համատեքստում:

ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի վրա այս պահին աշխատում են բոլոր կողմերը։ Այս կարծիքը կարևոր է, թե իշխանության համար, թե ընդդիմության համար և թե ՍԴ համար, որ դրա վրա հենվելով պետք է որոշում կայացնի։ Խորհրդատվական կարծիքին ծանոթ իրավաբանները պնդում են, որ այնտեղ իշխանությունների համար ոչ մի հուսադրող բան չկա։ Իշխանության օգտին է աշխատում միայն այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը շատ զգուշավոր է գտնվել իր գնահատականներում և կոնկրետ ձևակերպումներով հանդես չի եկել։  ՄԻԵԴ-ի ոչ կոնկրետությունը հնարավորություն է տալու իշխանություններին քարոզչության միջոցով մոլորեցնել հանրությանը, բայց դա դժվար որոշիչ լինի ՍԴ-ի համար, քանի որ դատարանի համար կարևոր է իրավական կողմը։

Երկրորդ նախագահ Քոչարյանի օգտին կան որոշ կետեր, բայց դրանք այնքան հստակ չեն, որքան սպասելի էր, բայց միևնույն ժամանակ սրանք էլ բավական են, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա  բանեցնել ի օգուտ երկրորդ նախագահի։

Երկրորդ նախագահ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը այս կապակցությամբ գրել է․«Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով

Հարգելի գործընկերներ,

Կարճ ներկայացնեմ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի իմ գնահատմամբ որոշ ելակետերը.
1) ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Սահմանադրության նորմերը եթե հղում են տրվում քրեական օրենսգրքի միջոցով պետք է լինեն հստակ և կանխատեսելի, այդ թվում հանցակազմի տարրերի տեսանկյունից: Այդպիսի բլանեկտային նորմի ձևակերպումը չի կարող լինել այնպես, որ արարքի շրջանակը ընդլայնվի: Մեր դիրքորոշումը ևս մշտապես եղել է նրա մասին, որ 300.1-ը չունի այդ հստակությունը և կանխատեսելիությունը, այդ թվում արարքի շրջանակի մասով, և չի էլ կարող ունենալ:


2) 300.1-րդ հոդվածի բլանկետային նորմերը՝ Սահմանադրության հոդվածները, 2015 թվականին փոփոխության են ենթարկվել՝ հանրաքվեի միջոցով, փաստացի բացառելով դրա հստակությունը, կայունությունը և կանխատեսելիությունը 2008 թվականի ենթադրյալ արարքի մասով:


3) ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ հետադարձ ուժի միասնական կանոն առկա չէ, սակայն Դատարանը միշտ կարևորություն է տվել ներպետական դատական պրակտիկային: ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Բոլորս գիտենք և մենք դրա մասին հիշատակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ 7-ի գործով, երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել: Հետևաբար այս հարցում ևս ՄԻԵԴ-ը արձանագրել է այն, ինչի մասին բազմիցս արձանագրել ենք մենք: Մեր բոլոր դիրքորոշումները ներկայացրել ենք հենց կոնկրետացման սկզբունքից ելնելով, այդ թվում ՍԴ համապատասխան դիմումը:


4) ՄԻԵԴ-ը գտել է, որ ՍԴ դիմումի 1-2 հարցերը որոնք վերաբերում էին իրավական որոշակիության սկզբունքի ընդհանուր մեկնաբանման հարցին, ընդհանուր էին ձևակերպված և առանձին չի պատասխանել: Սակայն ՄԻԵԴ-ը փաստացի անդրադարձ կատարել է դրանց 3-րդ հարցի շրջանակներում»: