Միայն վախկոտ մարդը կարող է այդքան վրեժխնդիր ո...

Օրերս մենք հրապարակեցինք հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ, որում նա պնդում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կապ են պահել նաև իշխանափոխությունից հետո։ Համբարձումյանի այս պնդումից հետո իշխանական ճամբարից ակտիվացան քննադատությունները նրա հասցեին։ Որոշների պնդումով Արթուր Համբարձումյանը քննադատում է նոր իշխանություններին, քանի որ չի կարողացել ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալ։ Այս և այլ հարցերի շուրջ մենք կրկին պարզաբանումներ ենք ստացվել Արթուր Համբարձումյանից։

Պարոն Համբարձումյան, ե՞րբ և ի՞նչ պատճառներով խզեցիք կապը նաև ձեր ջանքերով հիմնադրած կուսակցության և այն ժամանակ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։

Իմ ու Փաշինյանի, ինչպես նաև նրա մերձավոր կուսակցական շրջապատի հարաբերությունները հարթ չեն եղել կուսակցության հիմնադրումից սկսած:

Հարաբերությունները  առավել  սրվեցին, երբ 2017 թվականի ընտրությունների արդյունքում ձևավորված  իշխանությունները Փաշինյանի կողմից ճանաչվեցին լեգիտիմ (սրա մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր կան), երբ  Փաշինյանը խախտելով իմ ու իր գրավոր պայմանավորվածությունը, այն է՝ «Ելքը» չպիտի որդեգրի պրոեվրոպական արտաքին քաղաքական վեկտոր, սկսեց կատարել այդ պայմանավորվածության ուղիղ հակառակը: Հիշու՞մ եք երևի «Ելք»-ի ՝ ԵԱՏՄ ից դուրս գալու նախագիծը, ինչպես նաև Երևանի փողոցները վերանվանելու Երևան քաղաքի ավագանու խմբակցության նախաձեռնությունները:

 Իսկ լարվածությունը  գագաթնակետին հասավ,  երբ Փաշինյանն ու «Ելք»-ի իր կոլեգաները, որոշեցին, որ Ախուրյան համայնքում տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրություններում ընտրական հանձնաժողովների տեղերը պետք է տրվեն մի խումբ՝ ՔՊ-ի հետ կապ չունեցող մարդկանց, որոնց մեջ, մեծ մասը կազմում էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

Փաշինյանի այս ցինիկ  որոշումը կանխվեց միայն Գյումրիի տարածքային կազմակերպության կողմից:

Օրեր անց, Փաշինյանը փորձեց ինձ կուսակցությունից հեռացնել, բայց պարտվեց, իսկ  նրա այդ նախաձեռնությանը միացավ միայն երեք հոգի՝ Նազարյան Լենա, Հովակիմյան Վահագն, Հարությունյան Արայիկ, իսկ դրանից որոշ ժամանակ անց խախտելով կուսակցության կանոնադրությունը, առանց հիմքերի լուծարեց Գյումրիի տարածքային կազմակերպությունը:

Այս ամենի մասին, ես ընդարձակ հարցազրույց եմ տվել 2017-ի դեկտեմբերին։

Ձեր քննադատություններին և բերված փաստերին իշխանության ներկայացուցիչները կամ նրանց սատարողները հակադարձում են նրանով, որ դուք չեք կարողացել պատգամավոր դառնալ և դրա համար եք քննադատում նոր իշխանություններին։ Ձեր արձագանքը

Իհարկե, իշխանությունը և իշխանության սատարողները պետք է ամեն կերպ փորձեն արժեզրկել իմ խոսքը: Նրանք պետք է կամ իմ խոսքի հիմքում դնեն պաշտոնի չստացված ակնկալիքը կամ պետք է ինձ կապեն այս կամ այն քաղաքական թևի հետ:

Հետաքրքրիր կլիներ իմանալ մեղադրողների կարծիքները, թե ես ի՞նչ ակնկալիք եմ ունեցել 2017-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և որտեղ էին իրենք,  երբ Փաշինյանն ու իր խումբը օրը մեկ իրար հակասող որոշումներ ու քաղաքական հայտարարություններ էին անում: Հիմա ե՞ս եմ պաշտոնի ակնկալիք ունեցել, որ կռիվ եմ տվել Փաշինյանի քաղաքական  անողնաշարության դեմ, թե՞ իրենք՝, որ լռել են :

Հավելեմ նաև որ ես կուսակցության հետ խնդիր երբեք չեմ ունեցել, խնդիրը եղել է մի խումբ մարդկանց հետ: Կուսակցության մեջ, այն ժամանակ, շատերը սատարում էին ինձ:

Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էիք, որ Փաշինյանը ձեր ճանաչած ամենավախկոտ մարդկանցից է։ Ինչո՞վ կհիմնավորեք այս մեղադրանքը կամ գնահատականը։

Ինչ վերաբերվում է վախին՝ համարձակ մարդը երբեք գլխին դուխով չի գրի, համարձակ մարդը երբեք այդքան սուտ չի խոսի: Համարձակ մարդը 2016-ի  մայիսին չի գնա Արցախ, որպեսզի հետո տարածի թե իր ջոկատով մասնակցել է ապրիլյան պատերազմին: Այս շարքը կարելի է շատ երկար թվել: Միայն վախկոտ մարդը կարող է այդքան վրեժխնդիր ու հիշաչար լինել , աջ ձախ մարդկանց գլխին շինծու գործեր սարքել: