Միայն լիակատար փնթիներն ու ոչ պրոֆեսիոնալները...

Հայտնի բլոգեր  Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայկական ԶՈՒ-ի կողմից հակառակորդի՝ իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման դեպքին:

«Այսօր ԶԼՄ-ները գրում են, որ հայկական զինված ուժերը խոցել են իսրայելական արտադրության գերժամանակակից և շատ թանկարժեք (մինչև 30 միլիոն դոլար) «Elbit Hermes 900» անօդաչուն: Շատ լուրջ սարք է, որն առկա է տասնյակ երկրների սպառազինության մեջ և կարող է ավելի քան 30 ժամ օդում մնալ: Չնայած որոշ հայ ընկերներիս գրառումների, սա հարվածային անօդաչու չէ, զինված չէ: Դրա խնդիրն այլ է, այն զբաղվում է հետախուզմամբ, ռադիոկապ խլելով ու խոչնդոտներ ստեղծելով հակառակորդի ավիացիայի և ցամաքային ուժերի համար: Դրանք արտադրվում են 2009 թվականից և իրենց գերազանց են դրսևորել: Ադրբեջանում այդ սարքերը մոտ 10-ն են, որոշ տվյալներով՝ 15-ը: Այժմ մեկով պակասեց:

Փաստացի սա առաջին դեպքն է, երբ ոչնչացվում է այս մակարդակի սարք: Մինչ այս, ոչ ոքի չէր հաջողվել «հասնել» դրան, չնայած այն հանգամանքին, որ այս սարքերը մշտապես կիրառվում են Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Սուդանի, Աֆղանստանի ռազմական գործողություններում: Բացի դա, այս մեքենաները վերահսկում են ԱՄՆ-Մեքսիկա սահմանը՝ դիտարկելով նարկոկարտելների գործողությունները: Դրանք վաղուց օգտագործվում են Կոլումբիայում և Բրազիլիայում գրոհայինների և թմրավաճառների դեմ պայքարի համար:

Այնպես որ՝ կեցցեն հայ զինվորականները: Ապրե՛ք, տղերք:

Այս առիթով այս և այլ տիպի անօդաչու թռչող սարքեր  նախագծող և արտադրող իսրայելական Elbit Systems ընկերությունում երկար տարիներ աշխատած ընկերոջս հարց ուղղեցի: Նրա կարծիքով, միայն լիակատար  փնթիներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին հարվածի տակ դնել ցանկացած բանակի համար «թռչող ուղեղ» համարվող այս սարքը: Տրամաբանական է: Սա իրենց համար Բուդապեշտում քնած զինվորին կացնահարել և անվնաս բլոգերին չորս հոգով Բաքվում խեղդել չէ»,- գրել է նա: