Միակ և գլխավոր հակահեղափոխականը վարչապետ Նիկո...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման մեկ տարուց ավել ժամանակահատվածում հասցրել է բազիցս խոսել հակահեղափոխությունից և հակահեղափոխականներից։ Փաշինյանի համար հակահեղափոխականների դեմ պայքարը դարձել է գերխնդիր։

Հիմա արդեն պարզ է, որ հակահեղափոխական փնտրելը Փաշինյանի համար առաջին հերթին հասարակության լայն զանգվածներին զբաղեցնելու համար է պետք։ Վարչապետը փորձում է իր չկատարած խոստումները բացատրել նրանով, որ երկրում դեռ կան հակահեղափոխականներ, որոնք խանգարում են իրեն։ Եվ իհարկե վարչապետի և իշխանության ներկայացուցիչների համար կարևոր չէ, որ իշխանական բոլոր լծակները իրենց ձեռքում են, ու չկա երկրում որևէ գործիչ, որը կարող է խանգարել Փաշինյանին կյանքի կոչել իր ծրագրերը։

Քանի որ Փաշինյանը շատ է շահարկում հակահեղափոխական տերմինը, տեղին կլինի հասկանալ, թե որն է հեղափոխությունը, և ինչ են ցանկանում անել հակահեղափոխականները։

2018 թվականին Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, քանի որ հասարակությունը հոգնել էր երկրում ստեղծված իրավիճակից։ Հասարակությունը ցանկանում էր ճաղերի հետևում տեսնել թալանչիներին (որոնց մասին ժամանակին ամենաշատը պատգամավոր Փաշինյանն էր խոսում), փոխել կեղծված Սահամնադրությունը, փոխել ընտրական օրենսգիրքը, փոխել կուսակցությունների մասին օրենքը, որպեսզի նախկին համակարգի թալանին մասնակցած ուժերը չկարողանան մասնակցել ընտրություններին։

Փաշինյանն էլ հեղափոխության օրերին հրապարակային խոստացել է իրականացնել այս պահանջները։ Հեղափոխությունը հանուն հնարավոր այս փոփոխությունների տեղի ունեցավ, և հասարակության սպասելիքները ակնհայտ էր հենց սկզբից։ Այս պարագայում հակահեղափոխական կարելի է համարել նրանց, ովքեր խնգարում կամ չեն իրականացնում ժողովրդի առաջ քաշած պահանջները։

Փաշինյանի քաղաքական ուժը ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն է։ Նրան ոչինչ չի խանգարում փոխել կուսակցությունների մասին օրենքը, Ընտրանական օրենսգիրքը, կեղծված Սահմանադրությունը, պատժել երկիրը թալանած բոլոր նախկին չինովնիկներին։

Իսկ ինչ է անում Փաշինյանը։ Փաշինյանը չի փոխել կուսակցությունների մասին օրենքը, Ընտրանական օրենսգիրքը, կեղծված Սահմանադրությունը։ Նա չի պատժում թալանչիներին, որոնք հարստացել են հասարակության հաշվին։ Ավելին, նախկին շատ թալանչիներ այնսօր մոտ են կանգնած նրա իշխանությանը՝  ֆինանսավորում են նրա թիմակիցներին և կնոջ հիմնադրամը։  Այսքանից հետո, եթե դեռ պետք է փնտրել հակահեղափոխական, ապա միակ և գլխավոր հակահեղափոխականը Հայաստանում մնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա չի կատարել ժողովրդին տրված խոստումը։