Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ նորընտիր գործա...

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ ժամանած հայկական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այցի վերջին օրը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:

Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման առիթից, շնորհավորել է տիկին Գեորգիևային այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

Փոխվարչապետը ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին ներկայացրել է Հայաստանի կառավարության նախանշած բարեփոխումներն ու անդրադարձել ԱՄՀ-ի հետ կառուցողական մթնոլորտում զարգացող հարաբերություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տարբեր ոլորտներում ԱՄՀ աջակցությամբ իրականացվող ծրագրերի և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: