Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ բացվելու է Արարատի մարզում կառուցված գյուղմթերքի շուկան։ Շուկայի բացման կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ ասվում էր․«Այսօր կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան: Գյուղացիները կարող են իրենց բերքն այսօրվանից վաճառել շուկայում: Իսկ հունիսի սկզբին նախատեսված է շուկայի պաշտոնական բացման արարողությունը:
Նախորդ տարվա մայիսին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գործարարի կողմից ներկայացվել էր մարզում գյուղմթերքի շուկա կառուցելու ծրագիր, որը մեկ տարվա ընթացքում կյանքի է կոչվել:
Շուկայում գործելու են՝ բացօթյա և փակ տաղավարներ, կառուցվել են նաև պահեստներ՝ իրենց սառնարաններով, սննդի կետեր, տնտեսական խանութներ, ավտոկայանատեղի՝ նախատեսված ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար»։
Հիշեցնենք, որ շուկան կառուցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ընկերները, որոնք եկել են Ռուսաստանի Դաշնությունից։ Իշխանությունները հնարավոր ամեն բան արել են, որպեսզի Գարիկ Սարգսյանի ընկերների բիզնեսը մեծ շահութաբերությամբ սկսվի։ Շուկայի կառուցման և բացման մասին լուրերը տարածվել են իշխանական բոլոր լրատվամիջոցներով, այդ թվում պետական լրատվամիջոցներով։
Արարատի մարզի շուկայի բացումից երկու օր անց՝ հունիսի 2-ին պարետատունը կասկածելի պատճառներով փակում է Արմավիրի մարզի «Մեյմանդարի» շուկան։ Այս շուկայում իրենց բերքը վաճառող գյուղացիները բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք պնդում էին, որ զկրվում են օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը կասկած էին հայտնում, որ շուկան փակվում է, որպեսզի իրենց գնորդները գնան Արարատի շուկա։
Չնայած հարյուրավոր գյուղացիների բողոքի ձայնի` այսօր վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ ոստիկանական հատուկ գործողույթուն է իրականացվել կեսգիշերին և «Մեյմանդարի» շուկան փակ է։
Իշխանությունների ջանասիրությունը` փակելու «Մեյմանդարի» շուկան այն դեպքում, երբ համանման շուկա է բացել իրենց հետ փոխկապակցված անձը և հատկապես այն դեպքում, երբ գործում են բոլոր ռեստորաններն ու հանրային այլ վայրերը, բերում են ողջամիտ կասկածի, որ այս ամենը արվում է, որպեսզի Փաշինյանի սանիկի ընկերների բիզնեսը առաջ ընկնի։