Մեղրու ազատ տնտեսական գոտու հողերի ապօրինի սե...

Մեղրու ազատ տնտեսական գոտին, ըստ էության, հողատարածք չունի։ Ինչու. որովհետև այն ժամանակ, երբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ տեղեկացել էին, որ այդտեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, շատ ճարպկորեն կողքի հողերը սեփականաշնորհել էին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փաստացի տարածք չկա այնտեղ գործունեություն ծավալելու։ Հարուցվել է քրեական գործ, ձեռք բերված ապացույցների հիման վրա սկսվել է ընթացակարգ՝ այդ հողերի ապօրինի սեփականաշնորհումները հետ շրջելու համար։ Հիմա այդ հարցը դատարանի օրակարգում է», - ասաց գործադիրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նկատեց, որ Մեղրու անցակետի արդիականացման հետ կապված շատ խոշոր ծրագիր կա։ Նախագիծը հնարավոր կլինի իրականացնել 2023 թվականին։

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն ի պատասխան հիշեցրեց, որ Մեղրի խոշորացված համայնքում գազաֆիկացում չկա։ Նա հույս հայտնեց, որ հնարավոր կլինի հաջորդ բյուջեից գումար հատկացնել՝ լուծելու այդ հարցը։

«Ես տեղյակ եմ», - ասաց վարչապետը։