Մեղադրանք է առաջադրվել Երեւանի երկու բնակչի՝...

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի 2 բնակչի:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 31-ամյա եւ 25-ամյա երկու բնակիչ, կեղծ փողեր ձեռք բերելու եւ իրացնելու նախնական համաձայնությամբ, անհայտ անձից ձեռք են բերել եւ իրենց մոտ պահել ընդհանուր տասնվեց հատ «100» ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք իրացնելու նպատակով 2019թ. փետրվարի սկզբներին Երեւան քաղաքում գործող բանկերից մեկի տարբեր մասնաճյուղերում մաս-մաս իրացրել են, ինչպես նաեւ կատարել են կանխիկացման փորձ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա եւ 25-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: