Մեղադրանք է առաջադրվել ՃՈ-ի պետի տեղակալին.նա...

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի` հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ-ի լրատվության բաժնից։

Նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջեւ մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություներից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում եւ նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

21.11.2019թ.-ին Արթուր Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության շահերից ելնելով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի քննության այս փուլում ձեռնպահ է մնում այլ մանրամասներ հայտնելուց:

Նախաքննությունը շարունակվում է: