Մեծերը դժգոհել գիտեն․ ինչու՞ է վարչապետը միայ...

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Մարզային հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը ներկայացավ և ցանկացավ իր խնդրի մասին խոսել վարչապետի հետ։ Քաղաքացու դիմումին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ձևաչափը չի ենթադրում քաղաքացիների հետ առանձին հանդիպում։ Վարչապետի պատասխանը վրդովեցրեց քաղաքացուն․«Հանդիպումներն ընդհանրապես Ձեր ձևաչափում չեն լինում, Դուք հանդիպելու ձևաչափ չունեք, ես գնացի»,-ասաց քաղաքացին և հեռացավ դահլիճից։

Հետաքրքիր է, որ միջադեպից կարճ ժամանակ անց վարչապետ Փաշինյանի աշխատակազմը տարածում է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է.«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին: Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ»:

Փաստորեն, Փաշինյանը կարողանում է ժամանակ գտնել ու առանձին հանդիպում ունենալ 6-ամյա երեխաների հետ, բայց չափահաս քաղաքացիների հետ հանդիպելու համար ժամանակն ու ձևաչափը չեն համապատասխանում իր ցանկություններին։ 

Իրականում հասկանալի է, թե ինչու՞ է վարչապետ Փաշինյանը խուսափում չափահաս քաղաքացիների հետ հանդիպելուց։ Չափահասները ոչ միայն լուսանկարվել ու շնորհակալություն հայտնել գիտեն, այլև իրենց խնդիրներից խոսել ու կառավարությունից դժգոհել։