
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է խորհրդարանում այսօր ընդունված օրենքի նախագծերից մեկին:
«Խորհրդարանը քվեարկեց կողմ: Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց: Քիչ առաջ խորհրդարանը 99 կողմ ձայնով վերջնական ընթերցմամբ ընդունեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագիծը։
Ես այս նախագծի ընդունումը համարում եմ այս խորհրդարանի ամենակարևոր քայլերից մեկը։ Շնորհակալ եմ բոլոր կենդանասերներին և կենդանիների պաշտպանության կազմակերպություններին՝ ամենօրյա աջակցության համար։ Բրավո մեր հասարակությանը՝ այս նախագծի հանրային աննախադեպ աջակցության համար։
Չեմ հասկանում և չեմ ուզում հասկանալ դեմ քվեարկած 4 պատգամավորին և դահլիճում նստած, բայց որպես դեմարշ՝ չքվեարկած տիկնոջը։ Անհասկանալի բարդույթներ ունենալը թուլության նշան է։
Այս նախագիծը ինձ համար առաջին հերթին նախագիծ է մարդու՝ մարդ լինելու մասին։ Բրավո՝ կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին։ Մեր երկրում կենդանիները այլևս պաշտպանված են լինելու անմարդկային մարդկանցից»,- գրել է նա: