«Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին». Թրամ...

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը: 

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝  Օսմանյան կայսրության վերջին տարիներին, մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ մահվան երթի ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բազմաթիվ կյանքերի կորուստը:

Այս օրը մենք նաև հիշում ու ճանաչում ենք բոլոր նրանց աշխատանքը, ովքեր փորձեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտեցին վստահեցնելու, որ նմանօրինակ կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվելու, ինչպես իրավապաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Մենք հիշում ենք նպաստներն այն մեծահոգի ամերիկացիների, ովքեր օգնեցին փրկելու կյանքեր և վերակառուցելու հայկական համայնքները: Հիշելով բոլոր նրանց, ովքեր տառապեցին, մենք նաև ոգեշնչվում ենք այն քաջ և տոկուն հայերից, ովքեր ի հեճուկս հսկայական դժվարությունների, կառուցեցին առույգ համայնքներ ողջ աշխարհում, այդ թվում և Միացյալ Նահանգներում:

Մենք խոստանում ենք սովորել նախկին ողբերգություններից, որպեսզի չկրկնենք դրանք: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավալի պատմությունը: Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»: