Մենք հիմա մտնում ենք մամուլի դեմ պայքարի նոր...

«Ցավոք սրտի, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ստիպված ենք ոչ միայն բազմաթիվ տնտեսական, ֆինանսական խնդիրներ հաղթահարել, այլև շուրջ մեկ տարի դաժան հակաքարոզչություն է գնում ազատ խոսքի նկատմամբ, և դա հրահրվում է, խրախուսվում է նաև իշխանությունների կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս տեսակետն արտահայտեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Վերջինիս խոսքով՝ մենք հիմա մտնում ենք մամուլի դեմ պայքարի նոր փուլ, և այդ փուլը բնորոշվում է բազմաթիվ դատական հայցերով և մեծ ֆինանսական պահանջներով:

Տեղեկացնելով, որ «Հրապարակ» օրաթերթի դեմ այս պահին մոտ 7-8 դատական հայց կա, մի այդքան էլ՝ հայցի սպառնալիք, Արմինե Օհանյանն ընդգծեց.«Թեև յուրաքանչյուր դատավորի վարույթում այսօր մոտավորապես 1500 գործ կա, բայց  իշխանական պատգամավորների գործերը կայծակնային արագությամբ ընդունվել են վարույթ, և արդեն դատական նիստեր են նշանակվել, ինչը նշանակում է, որ այդքան էլ այդպես չէ, որ չկա զանգովի արդարադատություն, այդքան էլ այդպես չէ, որ դատական համակարգը իշխանության դիկտատի, իշխանության ճնշումների տակ չէ»: 

Արմինե Օհանյանն անդրադարձավ նաև դատարանի որոշմանը, ըստ որի՝ Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին 1 մլն դրամ պետք է վճարի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին.

«Չի կարող երկրի փոխվարչապետը, որ այսօր շատ մեծ անելիքներ ունի, դիմի դատարան, շահի դատական հայցը և մի էլեկտրոնային լրատվամիջոց՝ Politik.am-ը, հայտնվի 1 միլիոն դրամ տուգանքի տակ: Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչպես է գոյատևելու այդ լրատվամիջոցը և ինչպես է փակելու այդ տուգանքը: Ճիշտ է՝ դա դեռևս առաջին ատյանի դատարանի վճիռն է, և դեռ մի քանի ատյան ունի բողոքարկելու լրատվամիջոցը, բայց ես կարծում եմ, որ անթույլատրելի է սա»: 

Օհանյանի կարծիքով՝ և՛ հասարակությունը, և՛ լրատվամիջոցները, և՛ մտավորականները պետք է համախմբված իրենց խոսքն ասեն, որովհետև մամուլի հանդեպ այս ճնշումը պետք է դադարեցվի: