Մենք գտնվում ենք պետության զարգացման, հավանաբ...

Այսօր «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը նշեց, որ մենք գտնվում ենք պետության զարգացման, հավանաբար, ամենավտանգավոր փուլում.«Իմ գնահատմամբ` նման վտանգավոր փուլ չի եղել»։

Շահնազարյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և  նշեց, որ ներկայիս իշխանությունները բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով են հանդես եկել, բայց առանձնացրեց մեկը, որը, իր խոսքով, կարևորություն ունի` ներկայիս իշխանությունը կարգավորման հարցը կամ բանակցային գործընթացը ոչ թե շարունակում է այն կետից, ուր հասել էին, այլ նոր և իր կետից.«Մինչև 2018 թ. մայիս` բանակցային սեղանին էր գտնվում օրակարգային միայն մեկ հարց` շփման գծի երկայնքով միջոցառումներ, միջազգային հանրության եռանախագահողների նախաձեռնություններ, հատուկ սարքերի տեղադրում, ԵԱՀԿ Մինսկի դիտորդական խմբի ընդլայնում և զինադադարի խախտման միջազգային մեխանիզմների ստեղծում: Սա շփման գծում միջազգային տարրեր ստեղծելու հարց էր: Կարգավորման իմաստով կար, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը, որն էապես փոխել էր իրավիճակը, միջազգային հանրության վերաբերմունքը Ղարաբաղի հակամարտության նկատմամբ: Երրորդը` հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանն ու միջազգային հանրությունը մեկ տեսակետի էին, Ադրբեջանը` այլ»։