Մենք էլ հիմք ունենք մտածելու, որ մարզպետը ՀՀԿ...

Կոտայքի մարզի Ողջաբերդ համայքնի բնակիչները կրկին բողոքի ակցիա են կատարում: Ողջաբերդը գտնվում է սողանքային շրջանում, տները փլվում են: Բնակիչներն ասում են՝ առավոտյան արթնանալիս փառք են տալիս, որ ողջ են մնացել: 

«Մենք այսօր մեր տներում ապահով չենք: Ինչ հպարտ քաղաքացի, երբ տունը գլխիդ է փլվում»,-նշում է ողջաբերդցիներից մեկը:

Գյուղի բնակիչները պահանջում են Կոտայքի մարզպետի, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի և Կառավարության ղեկավարի հետ հանդիպում։ Մայիսի 14-ին ևս բնակիչները բողոքում էին՝ 300 ավտոմեքենաներով փակել էին գյուղ տանող ճանապարհը: 

Երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Factor.am-ի հետ զրույցում նշել է, թե բողոքի ակցիան կապված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Ես կապում եմ Ողջաբերդի այսօրվա միջադեպը Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ․ այն ուղղորդված է, որովհետև ես այդ գյուղի բնակիչների հետ մշտական կապի մեջ եմ եղել և կառուցողական շփում կար մեր մեջ։ Սա քաղաքական սաբոտաժի ցայտուն ակտ է՝ պայմանավորված Քոչարյանի դատավարությամբ»,-նշել էր մարզպետ Պետրոսյանը:

Այսօր բնակիչները ժխտում են իրենց կապը Քոչարյանի դատավարության հետ. «Մենք էլ հիմք ունենք մտածելու, որ մարզպետը ՀՀԿ-ի նման է աշխատում: Մենք ինչ կապ կարող ենք ունենալ: Մեր պահանջը մեր գյուղի հետ է կապված: Ինչ հիմքով է նման բան հայտարարել»: