Մեկդ ԱԺ փոխխոսնակին հուշեք, որ իրենք, ինչպես...

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տղաներ ու աղջիկներ, իսկ գիտե՞ք, որ այսօր հրապարակվեց Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթի» Ադրբեջանի պատվիրակության կազմը։

Այո՛, ճիշտ եք, պատվիրակության նոր կազմում է Թուրալ Գյանջալիևը, «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահ, նույն ինքը՝ Ադրբեջանի «№122 Խանքենդիի ընտրատարածքից» ընտրված պատգամավորը, նույն ինքը՝ իրենց «ընտրյալ ներկայացուցիչը»։

Տղաներ և աղջիկներ, որպեսզի նույն գրառումը ամեն օր չգրեմ, փոխելով միայն պատվիրակության անունը, հուշեմ, որ նա լինելու է բոլոր պատվիրակություններում, մասնակցելու է բոլոր պաշտոնական այցերին, շփվելու է և աշխարհին է պատմելու Արցախի հիմնահարցի իրենց՝ իրականության հետ կապ չունեցող տարբերակը, պատմելու է խորհրդարանական ձևաչափով հնարավորինս շատ, պատմելու է վստահ։

Սրա խիստ կանխատեսելի էր մոտ երկու տարի առաջ, մեկ տարի առաջվանից սկսած այս մասին բազմիցս զգուշացրել եմ։

Թե ինչպես եղավ, որ այս ՀԿ նախագահին տրվեց նման բարձր քաղաքական ստատուս, իսկ Ադրբեջանին էլ՝ ինքնավստահություն, հիմա չեմ անդրադառնա, բայց մեկ անգամ էլ եմ հարցնում՝ մշակված համակարգային նախահարձակ կամ գոնե հակադարձ մարտավարություն կա՞։

Չնայած, պատասխանը գիտեմ, էլի...

Հ.Գ. Վերջերս ԱԺ փոխխոսնակներից մեկն ասում էր, թե բա՝ անցել են լայնամաշտաբ հարձակման, մեկդ հուշեք, որ ինքը ճիշտ է, բայց իրենք, ինչպես միշտ, թշնամիներին այլ տեղ են փնտրում»։