Մեհրիբան Ալիեւան հերթական քայլը կատարեց «առաջ...

Ադրբեջանն ամենայն հավանականությամբ գնում է քաղաքական որոշակի վերաձեւումների։ Այս թեզը, թերեւս սկսեց ավելի շատ գոյության իրավունք ստանալ այն բանից հետո, երբ Ադրբեջանի առաջին փոխնախագահ եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան պաշտոնական այցով եղավ Ռուսաստանում եւ ընդունելության արժանացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կողմից։

Ըստ էության Մեհրիբան Ալիեւան եւ այն կլանը, որը ներկայացնում է Մեհրիբան Ալիեւան, սկսել է ամրացնել դիրքերը։ Առայժմ դժվար է ասել, թե կլինի արդյոք իշխանափոխություն պալատական փոխատեղման կարգով թե ոչ Բաքվում, սակայն երեկ Ադրբեջանի առաջին լեդիի կողմից արված գրառումը կապված Արցախի հետ, կրկին ինչ որ հետաքրքիր ակնարկներ էր պարունակում իր մեջ։ Արդեն առիթ ունեցել են գրելու, որ Ադրբեջանում իշխանական համակարգն այնպես է կառուցված, որ բարձրագույն իշխանությունը իր բոլոր լծակներով ու ռեսուրսներով հանդերձ, պահպանվելու է Ալիեւների ձեռքում։

Ու մինչեւ Հեյդար-կրտսերը պատրաստ լինի ասպարեզ մտնելու, բնական է, որ իշխելու են նրա հայրը, Իլհամ Ալիեւը, ով այժմ իշխանության ղեկին է, կամ մայրը՝ Մեհրիբան Ալիեւան, ով պետության երկրորդ դեմքն է։ Իլհամ Ալիեւը ներկայումս ընկալվում է որպես դիկտատոր եւ կոռուպցիոն համակարգի ճարտարապետ։ Ադրբեջանում ընտրությունները հեռու սարերի հետեւում չեն։ Զուգահեռաբար, մարդկանց կենցամակարդակն ընկնում է, բարեկեցության ասիճանը գահավիժում, աճում դժգոհությունը։

Ուստի իշխող վարչակարգն ունի խնդիր թարմացնելու իր դեմքը կամ թարմանալու ընդհանրապես։ Մեհրիբան Ալիեւան հայտնի է որպես հումանիտար նախաձեռնությունների հեղինակ, առաջադեմ կին այն էլ իսլամական աշխարհի մաս կազմող Ադրբեջանում, մայր եւ այս առումով նա ամենից հարմար թեկնածուն է իշխանությունների նոր դեմքը լինելու համար։ Երեկվա գրառումն, ուրեմն, այլ բան չէր, քան նրա՝ որպես պետության առաջին դեմքի կերպարի կերտման մեկնարկ կամ այդ շղթայի հերթական հանգրվան։

Ուշագրավ մեկ դիտարկում եւս․ Պուտինի եւ Մեդվեդեւի կողմից նրա ընդունվելը նաեւ գոնե հետսովետական տարածքում այս փոխատեղման հանդեպ հավանության ազդակ է։ Մեզ համար թերեւս ետաքրքրական է այն, թե ինչպիսին կլինի նա որպես Ղարաբաղյան հարցի բանակցող։