Մասիսում կտրել են 17-ամյա երիտասարդի պարանոցը

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երտասարդ տղա։

Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Սնդրեասյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ Բեգլարյանն էր։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց, ինչպես նաև՝ որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։