Մասիս Մայիլյանը վախեցավ․ նա հրաժարվեց

Արցախի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Մասիս Մայիլյանը քարոզարշավի ամբողջ ընթացքում խուսափել է հեռուստահարցազրույցներից։ Մայիլյանը մեկ-երկու անգամ է պատասխանել լրագրողների հարցերին։ Այդ եզակի հարցազրույցները նա տվել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ փոխկապակցված լրատվամիջոցներին։ Մասիս Մայիլյանն այնքան է վախենում լրագրողների անսպասելի հարցերից, որ օրեր առաջ վեճի բռնվեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ, իսկ նրա աջակիցներն օրենքի կոպիտ խախտմամբ խոչընդոտեցին լրագրողի աշխատանքը։

Մայիլյանը խնդիրներ ունի իր անցյալ և ներկա գործունեության հետ։ Նա համարվում է Սորոսի թեկնածուն, նրա մուտքը ՌԴ արգելված է։ Նախկին իշխանությունների ղեկավարման տարիներին լինելով ԱԳ նախարար՝ իշխանափոխությունից հետո անխնա քննդատում է նախկիններին, քաղաքական համագործակցություն է սկսում Սամվել Բաբայանի հետ, իսկ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նրան անվանում է ահաբեկիչ։ Կարճ ասած՝ Մայիլյանն ունի բազմաթիվ պատճառներ, որպեսզի խուսափի հրապարակային բանավեճերից, իր համար ոչ ընդունելի լրագրողների հարցերին պատասխանելուց։

Մայիլյանի վախերի գագաթնակետը նախագահի թեկնածուների այսօրվա բանավեճից հրաժարվելն էր։ Մասիս Մայիլյանն այսօր հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ չի մասնակցելու բանավեճին, որին մասնակցում են մյուս բոլոր թեկնածուները․ «Ըստ իս՝ հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել և դժվար թե նպաստի թեկնածուների դավանած սկզբունքների ու ծրագրային դրույթների առավել հանրայնացմանը, ինչը, ըստ էության, պետք է լինի նման բանավեճի նպատակը։ Արմատական բարեփոխումների մեր հայեցակարգն այս դժվարին պայմաններում հնարավորինս ներկայացվել է ընտրողներին, հուսով եմ՝ նույնը հասցրել են անել մյուս թեկնածուները»։

Այս քայլով Մայիլյանը վերջնականապես ինքնատապալվեց։ Նրա աջակիցներն ամեն կերպ փորձում էին հանրությանը համոզել, որ նա ժողովրդավարական արժեքներ կրող միակ թեկնածուն է։ Հիմա ստացվում է, որ «ամենաժողովրդավար» թեկնածուն հրաժարվում է ժողովրդավարական աշխարհում ամենաընդունելի ձևաչափից՝ թեկնածուների բանավեճից։ Այսկերպ Մայիլյանը փաստեց, որ բանավեճի ընթացքում ինքը ոչնչացվելու էր որպես թեկնածու։ Նա, ըստ էության, ընտրել է իր համար ամենաքիչ կորուստներ բերող տարբերակը։ 

Հրաժարվելով բանավեճից՝ նա նաև հրաժարվեց նախագահի պաշտոնին հավակնելուց։ ԴԺվար է պատկերացնել, որ արցախցիներն ընտրեն մի մարդու, ով վախենում է դեմ առ դեմ հանդիպել իր ընդդիմախոսների, բայց միևնույն ժամանակ՝ իր հայրենակիցների հետ։ Նման մարդն ինչպե՞ս է հանդիպելու և բանավիճելու հակառակորդ երկրի ղեկավարի հետ, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։ Արցախցին միանշանակ կմերժի նրան։ Սա հստակ է։