Թեմայից քաջատեղյակ մարդիկ կվկայեն, որ օրերս Բաբայանն իր մարզային ղեկավարներին հրահանգել է չաջակցել Մասիս Մայիլյանին: Իհարկե, սա նորություն չէ, սակայն մեզ հաջողվել է պարզել, թե որն է այս կոնֆլիկտի պատճառը:
Բանը նրանում է, որ ընտրարշավի ընթացքում, երբ Մայիլյանը հանդիպել է Այգեստան բնակավայրի բնակիչների հետ, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի թիկնազորի նախկին աշխատակցի եղբայրը հարցրել է, թե ինչու՞ է Մայիլյանը իր թիմում հանցագործներ ներգրավել։ Մասիս Մայիլյանը ի պատասխան քաղաքացու հարցի ասել է․ «ես ձեզ մարդկայնորեն հասկանում եմ, եկեք անցյալ չնայենք։ Եղել է «տեռակտ» (խոսքը Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի մասին է, որի պատվիրման համար դատապարտվել է Սամվել Բաբայանը), ես էլ կյանքերից մեկին փրկել եմ:
Ըստ էության Մասիս Մայիլյանը Սամվել Բաբայանին համարում է ահաբեկիչ։ Պատերազմ ու բազում դժվարություններ տեսած Բաբայանը երեկվա միամիտը չէր, որ Մասիսի կողքին ականջներ չունենար, ուստի կարճ ժամանակ անց այս ամենն իրեն զեկուցվել է:
Մասիս Մայիլյանի այս հայտարարությունից հետո Սամվել Բաբայանը շատ լուրջ խոսակցություն է ունեցել նրա հետ։ Բաբայանի ու Մայիլյանի խոսակցությունը վերածվել է անձնական վիրավորանքի տարափի։ Ըստ մեր աղբյուրների Բաբայանը հայհոյել է Մայիլյանին։ Մասնակիցների միջամտությամբ միայն գործը չի հասել բռնցքամարտի։
Մայիլյանի հետ հանդիպումից հետո Սամվել Բաբայանը խստիվ հրահանգել է իր թիմակիցներին չաջակցել Մասիս Մայիլյանին։ Բաբայանի թիմում սակայն որոշել են հրապարակային չասել, որ չեն աջակցում Մասիս Մայիլյանին, քանի որ հասարակության աչքերում կանլրջանա իրենց ողջ թիմը։
Ի դեպ, Սամվել Բաբայանն այս միջադեպի մասին խոսել է ԱրարատՆյուզ լրատվականի հետ հարցազրույցի ընթացքում։ Նա լրագրողին առաջարկել է հարցերն ուղղել Մայիլյանին, բայց հաստատել է, որ նախագահի թեկնածուն իր մասին նման հայտարարություն է արել։ Հաղորդման ընթացքում ակնհայտ երևում էր նաև նրա և Մայիլյանի հարաբերությունների սառեցումը։ Չնայած գործադրված ջանքերին, նա ի վերջո տեղի տվեց և հայտարարեց, որ Մայիլյանի հետ թիմակիցներ չեն։