Վանաձորի բնակիչ Սմբատ Խանվելյանը հայտարարել է, որ հետապնդման է ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ես՝ ՀՀ քաղաքացի Սմբատ Խանվելյանս, հայտարարում եմ, որ իմ քաղաքական հայացքների և ակտիվության համար հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից, ավելին՝ իմ ընտանիքին ու վատառողջ ծնողիս են անհանգստացնում ոստիկանական այցելությամբ։ Լոռու մարզպետը նպատակաուղղված միջոցներ է կիրառում իմ, լրագրող տիկնոջս՝ ազատ խոսքի, քաղաքական հայացքների վրա բռնանալու համար»,- գրել է նա։
Երեկ քաղաքացին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ոստիկաններ են այցելել իր ծնողների տուն.«Հենց նոր իմացա, որ Լոռու մարզպետը ոստիկաններ է ուղարկել այն հասցեով, որտեղ ես գրանցված եմ, իր մասին ֆեյսբուքում քննադատությունների համար բացատրություն տալու համար։ Ես չգիտեմ ոստիկանության այցելության կոնկրետ պատճառը, բայց սա արդեն քաղաքական բռնաճշնում է մեր ընտանիքի դեմ, մեր ազատ խոսքի դեմ։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ էլ մարզպետը կնոջս է դատի տվել իրեն քննադատելու համար, իսկ դրանից հետո էլ մարզպետի տեղակալի ամուսինն էր ինձ «ռազբորկայի» հրավիրում քննադատություններիս համար։ Այսպիսով Լոռու մարզպետը ամենակոպիտ կերպով փորձում է լռեցնել իր անձի հանդեպ ցանկացած քննադատական խոսք։
Հ.Գ. Դիմում եմ ՀՀ քաղաքացի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, հրապարակավ ներկայացրեք՝ ինչո՞ւ եք ոստիկաններ ուղարկել մեր տուն, ինչո՞ւ եք անհանգստություն պատճառել իմ վատառողջ ծնողին»։
Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դատի է տվել նաև քաղաքացու կնոջը՝ լրագրող Կարինե Վանեսյանին: Մարզպետը պնդում է, թե լրագրողը վիրավորել է իրեն: