Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների...

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերևույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել, հայտնում են դատախազությունից:

Մասնավորապես վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգի խախտմամբ 3 անձից, այդ թվում նաև` Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետի կողմից, առերևույթ ստացել է տարբեր չափերի՝ 120 հազարից մինչև 200 հազար դրամ կաշառք: Բոլոր երեք դեպքերում էլ կաշառքը փոխանցվել է միջնորդավորված ձևով, որին առերևույթ ներգրավվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետը:

Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչին մեղարդանք է առաջադրվել երկու դրվագ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահումը), երկու դրվագ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալու), մեկ դրվագ 311-րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստանալու):

Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել նաև 5 այլ անձանց: Մասնավորապես՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը հանցակցելը) և 312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով կաշառք տալը), մեկ անձի՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետին՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով, 3 անձի, այդ թվում նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետին, մեղադրանքներ են առաջադրվել 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը):

Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 2-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով համաձայնություն է տվել նախաքննական մարմնի որոշմամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքի պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելուն: