Մարիամ Փաշինյանը հարցրե՞լ է վարչապետ հայրիկին...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները շարունակում են իրենց թիրախում պահել լրատվամիջոցներին, որոնք համարձակվում են քննադատել նոր իշխանություններին և մասնավորապես` Փաշինյան ընտանիքի անդամներին։

Վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, արդեն երկրորդ անգամ է` լրատվամիջոցներին ուղղված քննադատական գրառմամբ է հանդես գալիս։ Այս անգամ նա անդրադարձ էր կատարել լրատվամիջոցների ֆինանսավորման խնդրին․«Իսկ ինչից է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են: 

Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են՝ իրենք այնքա՜ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: 

Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»: Եւ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես, ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»:

Բայց Մարիամ Փաշինյանը մոռանում է, որ իր հայրը ևս երկու լրատվամիջոցի սեփականատեր է։ Ավելին` Նիկոլ Փաշինյանի ղեկավարած օրաթերթը նախկինում բազմաթիվ սկանդալների կիզակետում է հայտնվել, հարյուրավոր անգամներ կեղծ տեղեկություններ է հրապարակել, որոնց կեղծ լինելը հաստատվեց միայն Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։

Մարիամ Փաշինյանի գրառումից հետո բազմաթիվ հարցեր են առաջանում։ Հետաքրքիր է` Մարիամ Փաշինյանը երբևէ հարցրել է հորը՝ Նիկոլ Փաշինյանին, թե 2000-ականների սկզբին որտեղից իր հորը սպիտակ Նիվան, կամ հարցրել է, թե ո՞վ և ի՞նչ պայամանավորվածություն խախտելու համար այրեց այդ մեքենան։ Այս իմաստով մի քանի վարկածներ են շրջանառվում, և բոլորն էլ ոչ թափանցիկ ֆինանսավորման հետ են կապված։ Երբևէ Մարիամ Փաշինյանին հետաքրքրել է, թե ի՞նչպես է ստացվել, որ «ընդդիմադիր»  Նիկոլ Փաշինյանի օրաթերթի ամբողջ խմբաքանակը գնում էր նախկին իշխանությունների հետ կապված մեկ ընկերություն, և ըստ էության, այդ կերպ ֆինանսավորում էր թերթի գործունեությունը։ Այդ ընկերության շնորհիվ տարիներ շարունակ «Հայկական Ժամանակ» օրաթերթը եղել և մնում է ամենաեկամտաբեր թերթը։ Մարիամ Փաշինյանին երբևէ հետաքրքրել է, թե ինչպե՞ս ստացվեց, որ իշխանափոխությունից հետո իր ընտանիքին պատկանող կայքի գովազդները տասնյակ անգամ ավելացել են։ 

Ու եթե Փաշինյանների ընտանիքը քաջություն կունենա պատասխանել այս հարցերին, ամբողջովին թափանցիկ դարձնել իրենց լրատվամիջոցների ֆինանսավորումը, նոր կարող են մեղադրել այլ լրատվամիջոցների ոչ թափանցիկ լինելու համար։