Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է ձեռն...

Երեխաների մասնակցությունը Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիային ու նաեւ հետագայում նմանատիպ ակցիաներին համարում ենք անթույլատրելի եւ հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ երեխաներին այդպիսի ակցիաների ներգրավելու փորձերից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը։

«Մայիսի 14-ին Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, անհանդուրժողականություն ու ատելության խոսք պարունակող վանկարկումներով: Ակցիային մասնակցել են նաեւ երեխաներ: Նրանց մոտ առկա պաստառների վրա նույնպես եղել են վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի տարրեր պարունակող գրառումներ։

Լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երեխաներն իրենք են նշել, որ մասնակցում են ակցիային առանց ծնողների իմացության եւ չեն կարողացել հստակ բացատրել՝ իրենց մասնակցության նպատակը, ինչպես նաեւ չեն կարողացել բացատրել իրենց պարզած պաստառների վրայի գրառումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորման կարեւորությունը, այդ թվում՝ հավաքների կամ այլ զանգվածային միջոցառումների մասնակցության իրավունքը։ Այսքանով հանդերձ, սկզբունքային է այն, որ երեխայի նշված իրավունքների իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Երեխայի իրավունքների իրացումը որեւէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել։ Այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք եւ գիտակցված այնպիսի ներգրավվածության ապահովմանը, որը ծառայում է երեխայի լավագույն շահին:

Հաշվի առնելով վերը նշվածը, կոնկրետ իրավիճակում երեխաների մասնակցությունը նշված բողոքի ակցիային ու նաեւ հետագայում նմանատիպ ակցիաներին համարում ենք անթույլատրելի եւ հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ երեխաներին այդպիսի ակցիաների ներգրավելու փորձերից»,–ասված է հաղորդագրության մեջ: