Մարդիկ ավելի շատ ծաղիկնե՞ր, թե՞ ծաղկեպսակներ...

Լոռու մարզկենտրոն Վանաձորում փոքրիկ ուումնասիրություն ենք կատարել՝ մտնելով սպասարկման ոլորտի մի շարք կետեր, որոնք ուղիղ առնչություն ունեն  հարսանիքների ու թաղումների հետ: Ուսումնասիրության նպատակը հասկանալն է, թե ինչպիսի ժողովրդագրական իրավիճակ է տիրում քաղաքում: Մեր՝ միայն առաջին հայացքից պարզ ու ոչ խորքային թվացող հարցերն իրականում նպատակ ունեն հասկանալ՝ ինչ հիմնական խնդիրներից են դժգոհում բնակիչները, և որոնք են համարում այդ խնդիրներ պատճառները, ինչ լուծումներ են իրենք առաջարկում դրանց համար: 

Լոռին Հայաստանի մասշտաբով ամենաշատ մահացություններ ունեցող մարզն է: Մարզում տեղի է ունենում դեպոպուլյացիա՝ մահերը գերազանցում են ծնելիությանը: Եվ, որքան էլ միանգամից նկատելի չլինի, այս մակարդակն էական կապ ունի բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ:

Եվ այսպես՝ մեր առաջին հանգրվանը ծաղիկների խանութն էր: Խանութի սեփականատերը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք զբաղվում են և՛ հարսանեկան, և հոգեհանգստի ծաղիկների վաճառքով, բայց հարսանեկան ծաղիկների պավերներ գրեթե չեն լինում՝ ամուսնացողներ չկան: Բայց հոգեհանգստի ծաղկեպսակների վաճառքն իրականացվում է մեծ թափով: «Օրական մի մահ գրանցվում է քաղաքում»,-նշեց վաճառողուհին:

Սպասարկման ոլորտի հաջորդ կետը, որում կանգ առանք, հարսանյաց պարագաների սրահն էր: Խանութի սեփականատեր-վաճառողուհին մեզ հետ զրույցում ասաց, որ հարսանեկան զգեստների վաճառք գրեթե չի լինում, և եթե միայն դա լիներ իրենց եկամտի աղբյուրը, վստահաբար «ծայրը ծայրին» չէին հասցնի: Ըստ խանութի սեփականատիրոջ՝ հունիսից մինչև աշնան վերջն է հարսանիքների սեզոնը, պատվերներն այդ ընթացքում են լինում՝ այն էլ, շատ քիչ: Մեր հարցին, թե իրենց կարծիքով՝ որոնք են պատճառները, որ հարսանիքներ չեն լինում, վաճառողուհին նշեց.«Աշխատանք չկա: Ամուսնանան, ո՞նց ընտանիք պահեն: Սովորում էլ են, աշխատանք գտնել չեն կարողանում: Մեկը իմ տղան՝ 26 տարեկան է, բայց չի ուզում ամուսնանալ: Կարմիր դիպլոմով ավարտել է համալսարանը, վերցնում, ընկնում է աշխատատեղ փնտրելով՝ չկա ու չկա»:

Այցելեցինք նաև գեղեցկության սրահ՝ հասկանալու՝ հաճա՞խ են հարսանեկան սանրվածքների պատվերներ ստանում. «Ամիսը 1-2 անգամ: Այդքան շատ հարսանիքներ չեն լինում»: Գեղեցկության սրահի աշխատակցուհուց հետաքրքրվեցինք նաև՝ հիմնականում ինչ նպատակով են այցելում հաճախորդները. «Մազերի կտրվածք՝ հիմնականում: Գեղեցկության սրահում գործող այլ ծառայություններից՝ մատնահարդարում, դիմահարդարում, և այլն, ավելի քիչ են օգտվում»,-պատասխանեց աշխատակցուհին: 

Առանց բացառության բոլոր զրուցակիցները պնդեցին՝ արտագաղթը շատ է քաղաքից: Շատերն էլ մեկնում են արտագնա աշխատանքի, հետո, պայմանաներ ստեղծոլով, տանում են ընտանիքներն: Մի մասը հենց այնտեղ է ամուսնանում և չի վերադառնում, սա էլ պատճառ է դառնում, որ քաղաքում մնում են հիմնականում մեծահասակները: Արդյունքում՝ մահերը գերազանցում են ծնելիությանը:

Նշենք, որ ստեղծվել է Ազգային կոմիտե՝ ժողովրդագրության հիմնահարցերի բարելավման հարցերով հանձնաժողով, որի նպատակն է ուսումնասիրել Հայասանում տիրող ներկա վիճակը ժողովրդագրության ոլորտում, գտնել խնդիրների հիմքերն ու առաջարկել հնարավոր լուծումները՝ առաջնորդվելով հայաստանյան կոնտեքստով, այն միտումներով, որ տեղի են ունեցել վերջին տարիներին, այն կանխատեսումներով, որ կան, և աշխարհի փորձով:

Մարիամ Սարգսյան