Մանվել Գրիգորյանը պետք է մահանա

Օրերս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանին բերել էին սայլակով, իսկ այսօր հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Մանվել Գրիգորյանը, իհարկե, հանրության լայն շերտի կողմից չընդունված կերպար է։ Նա իշխանության մաս կազմելու տարիներին հասցրել էր շատերին հոգնեցնել, ու բնական է, որ հիմա շատերին չի հետաքրքրում նրա ճակատագիրը։ Չնայած հանրության լայն շերտի անտարբերությանը՝ տարօրինակ է, թե ինչու՞ է դատարանը ամեն կերպ մերժում նրա կալանքը փոխելու միջնորդությունը։ Ինչու՞ հնարավորություն չի տրվում Մանվել Գրիգորյանին բուժվել, որպեսզի նա կանգնի արդարադատության առաջ, և եթե դատարանը ապացուցված կհամարի նրա մեղքը, ապա արժանի պատիժ կրի իր կատարածի համար։

Այն, որ դատարանները Հայաստանում անկախ չեն և կատարում են օրվա իշխանությունների պահանջը, կարծում ենք՝ ավելորդ է անգամ հիշեցնել։ Նոր իշխանությունների օրոք դատարանները ազատ արձակեցին Սաշիկ Սարգսյանին, ավելին՝ նրան հնարավորություն տվեցին մեկնել արտասահման, որտեղ նա պետք է բուժում ստանար։

Այս դեպքում հետաքրքիր է, թե ինչու՞ են իշխանությունները վախենում թույլ տալ Մանվել Գրիգորյանին բուժվել։ Ինչո՞վ է վտանգավոր Գրիգորյանը, պարզ չէ։ Գրիգորյանի մտերիմների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները չեն ցանկանում Մանվել Գրիգորյանին բուժման հնարավորություն տալ, քանի որ նա վտանգավոր վկա է նոր իշխանությունների համար։ Ըստ նրա մտերիմների՝ իշխանություններին անհանգստացնում է, թե ի՞նչ կարող է խոսել Մանվել Գրիգորյանը «Մարտի 1-ի» գործով։ Ի վերջո, Գրիգորյանը լավ է տեղյակ այդ օրերի իարդարձություններից։ Նա ՊՆ գործող երկու գեներալներից մեկն էր, ում հետ հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Լուրերի համաձայն՝ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կապը նրա հետ պահել է Ջհանգիրյանը, ով էլ փորձել է համոզել, որ բանակը մտնի քաղաքական պրոցեսների մեջ: Ասում են՝ Ջհանգիրյանի հետ եղել է մեկ այլ՝ շատ հայտնի մարդ, ում անունը չեն նշում: Եվ ահա, իշխանությունները վախենում են, որ Գրիգորյանը կխոսի ու ամեն ինչ կպատմի՝ դրանով իսկ «գոլորշիացնելով» «ջուր» գործը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մանվել Գրիգորյանը կարող է խոսել նաև այն մասին, որ Տեր-Պետրոսյանի թիմը նրան առաջարկել է հնարավորության դեպքում զինված սադրիչներ ուղարկել ոստիկանության դեմ։

Մանվել Գրիգորյանի վկայությունը կապացուցի այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Տեր-Պետրոսյանը փորձ է արել քաղաքական գործընթացներում ներգրավել բանակը։ Մանվել Գրիգորյանի անկաշկանդ ցուցմունքը կարող է ստիպել նոր իշխանություններին գործ հարուցել նաև Տեր-Պետրոսյանի դեմ։ Այնպես որ, ըստ Գրիգորյանի հարզատների վարկածի, նոր իշխանությունների համար առավել ցանկալի է, որ Մանվել Գրիգորյանը չկարողանա վերականգնել առողջությունը, որպեսզի չկարողանա ցուցմունք տալ։ Ինչպես ասում է Իջևանի հին ասացվածքը, «մահացած վկան այլևս վտանգավոր չէ։

Անի Սահակյան