Մանվել Գրիգորյանի մոտ անդամահատման վտանգ կա․...

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյաը հայտարարեց, որ Գրիգորյանի նկատմամբ պետական լիազոր մարդկանց կողմից սիստեմատիկ կերպով անօրինականություններ են կատարվում.

«Եթե այս բարձրաձայնումից հետո բարձրագույն իշխանությունն անօրինականությունների հետ կապված գնահատական չտա, ապա հետևությունս լինելու է այն, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է իրականացվում», - ասաց պաշտպանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել բժիշկների կոնսիլիում, որին մասնակցել են ինչպես Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, այլ նաև Առողջապահության նախարարության կողմից լիազորված մասնագետներ։

«Տրված եզրակացությունը վկայում է, որ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30-ին չափ էին և ձեռք էին բերվել կալանքը կրելու ընթացքում, գումարվել է ևս 3 հիվանդություն։ Նոր հայտնաբերված հիվանդությունները ծանր են, բայց այդ հիվանդություններից մեկի տեսակն այն է, որ կարող է լինել անդամահատություն»,- ասաց նա։

Փաստաբանը շեշտեց՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները ոչ միայն խորացրել են կալանքը կրելու ժամանակ, այլև նոր հիվանդություններ են ավելացել։ Նրա խոսքով, երբ Մանվել Գրիգորյանին կալանավորեցին, նա ուներ ընդամենը 4 ծանր հիվանդություն և գտնվում էր բժիշկների խիստ վերահսկողության տակ, իսկ հիմա Մանվել Գրիգորյանը ձեռք է բերել 30 ծանր հիվանդություն։