Շատ տարօրինակ է, որ Նուր-Սուլթանում տեղի չուն...

Հայ-ռուսական հարաբերությունները միայն հայտարարություններով դատելով ամբողջական պատկերը չենք ստանա, սակայն մյուս կողմից պաշտոնական հայտարարություններն ու հանդիպումները հարաբերությունների մասին շատ բան են խոսում, այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 17-ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը արած հայտարարությանը, թե մինչեւ հունիսի վերջ պատրաստվում է երկու անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առաջին անգամ` Ղազախստանում մայիսի 29–ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ: Երեկ, սակայն, Փաշինյան-Պուտին հանդիպումը չկայացավ: Լրագրողները կառավարության ղեկավարից հետաքրքրվել են, թե որն է հանդիպման չկայանալու պատճառը, ինչին ի պատասխան վարչապետն ասել է, թե օրակարգում Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել:

Քաղաքագետը ընդգծում է՝ Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, Հայասստանի հետ տնտեսական հարաբերություններ ունեցող երկիրինեիր առաջատար շարքում է գտնվում.«Այս պարագայում ինձ համար շատ տարօրինակ է, որ Նուր-Սուլթանում տեղի չունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպումը: Ես չեմ կարծում, որ այդ երկու երկրների ղեկավարները քննարկելու օրակարգ չէին կարող ունենալ: Բազմաթիվ հարցեր կան, հատկապես՝ տնտեսական բնույթի: Եվ սա չի խոսում այն մասին, թե հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են»:

Ըստ Մալխասյանի՝ հայ-ռուսական հարաբերություններում, կարծես թե, ակտիվության պակաս կա.«Բարձր մակարդակի չեն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով: Ռուսական լրատվական, փորձագիտական և այլ հարթակներից Հայաստանի գործող իշխանություններին ուղղված տարօրինակ ազդակներ են գալիս՝ քննադատական կոնտեքստով: Ես կարծում եմ՝ պետական հեռուստաընկերություններում պատահական բաներ չեն լինում, և դրանք կոնկրետ ազդակներ են»:

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի՝ Փաշինյան-Պուտին հարաբերություններում ունեցած հնարավոր ազդեցության մասին՝ քաղաքագետը նշում է.«Եթե Քոչարյանի գործոնը ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա, կամ Փաշինյան-Պուտին հարաբերությունների վրա, դա նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերությունները վատ են, քանի որ ստացվում է՝ մի մարդու գործոնը կարող է ազդել այդ հարաբերությունների վրա: Այսինքն՝ այս մեկ տարուց մի քիչ ավել ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական էլիտայի միջև չեն ձևավորվել այնպիսի հարաբերություններ, որտեղ մի անձը չէր կարողանա ազդեցութուն ունենալ»:

Քաղաքագետի խոսքով՝ տնտեսական հարաբերությունների վրա քաղաքական հարաբերությունները հազիվ թե ազդեցություն ունենան՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսական փոխազդեցության մակարդակը:

Մարիամ Սարգսյան