Մահվանից չեն խուսափել Ստալինն ու Լենինը, ուր...

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի հայտնաբերումը եւ դրան հաջորդած զարգացումները հատկապես սոցցանցերում, ըստ էության բացահայտեցին բարոյական այն նշաձողը, մինչեւ ուր առայժմ անկում է գրանցել հայ հասարակության մի ստվար հատվածը։

Դժվար էր պատկերացնել, որ մարդու մահը կարող է նույնիսկ քաղաքական դիվիդենդներ կորզելու առիթ դառնալ։ Սակայն պարզվեց, որ Նոր Հայաստանում դա լիովին հնարավոր է, այնքան հնարավոր, որ մարդու դիակը դեռ տաք, բայց այն դրվել է հանրային քաղաքական դիսկուրսի։ Մինչդեռ մահը սիրում է լռություն ու հարգանք մահացածի հանդեպ։ Մահը նաեւ ջնջում է բոլոր խնդիրները, մինչդեռ երկրի առաջին դեմքի մակարդակով ականատես եղանք փոքրոգի ու մանրախնդիր մոտեցման, երբ երկրի առանցքային կառույցներից մեկի նախկին ղեկավարին վարչապետի կողմից ցավակցական չհնչեց։

Եթե անկեղծ, ապա զարմանալու ոչինչ չկար իշխանական թիմի մեծամասնության պահվածքում։ Թերեւս շատերը կհիշեն նույն թիմի մի ներկայացուցչին, ով Նադեժդա Սարգսյանի մահվան հետ կապված բավական ամբարտավան գրառում էր կատարել, ապա կանչվել ՔՊ, «լինչվել»։ Դեռ այն ժամանակ արդեն մոտավոր հասկանալի էր, թե ինչ բարոյական նորմերի համակարգ ունեցող թիմի հետ է առերեսվելու հասարակությունը։ Կրտսեր իշխանականից մինչեւ Փաշինյան, կարելի է ասել, որ տարբերություն չկա։ Մինչդեռ մահվան առաջ բոլորը հավասար են, ու ոչ ոք դեռ չի խուսափել մահվանից։

Մահը բնական պրոցես է ու չտա Աստված, որ իշխանական թիմում եթե մահ գրանցվի, նույն վակխանալիան սուր ծայրով իրենց դեմ շուռ գա։ Մահվանից չեն խուսափել Ստալինն ու Լենինը, ուր մնաց՝ «թավշիստները»։