Լուսանկարներ․ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄԻ հիմնադիրները պ...

«ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն, փաստաբան Արամ Ղլեչյանը 2 դեպքի առնչությամբ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա սկանդալային բացահայտումներ արեց:

Մեր զրույցում Ղլեչյանը պատմեց, որ ընկերության հիմնադիրներից Ալեքսան Զաքարյանը ընկերության եւ նաեւ մասնակի՝ պետության հաշվին մոտ 800 միլիոն դրամով առանձնատուն է կառուցել Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ իրեն եւ կնոջը պատկանող տարածքում: Ղլեչյանի խոսքով՝ առանձնատունը ձեւակերպվել է որպես ընկերության գրասենյակ: Ղլեչյանը նաեւ նշեց, որ սրա վերաբերյալ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, այս պահին գործով զբաղվում է քննչական կոմիտեն:

Ղլեչյանը մանրամասնեց, թե ինչպես է պրոցեսը տեղի ունեցել. «Դա արվել է ընկերության հաշվին՝ պետությանը ներկայացվել է որպես ծախս: Դա համախառն եկամուտից նվազեցվել է: Այսինքն, այդ գումարի չափով հարկվող շահույթը դրա հաշվին նվազել է: Մոտավորապես 30 տոկոսը պետության հաշվին է եղել»:

Ղլեչյանը ասաց, որ սա պարզել է 2018 թվականի ամռանը եւ աշնանը: Իսկ հաղորդումը ներկայացրել է 2019-ի մարտին:

Ղլեչյանը ասաց, որ այդ առանձնատան կոմունալները եւս վճարվում են ընկերության հաշվին. «Ամբողջ կոմունալները վճարվում են որպես ընկերության գրասենյակի կոմունալ վճար: Այդ գումարները պետբյուջեից են գալիս: Սա կոչվում է յուրացում»:

Ղլեչյանի խոսքով, բացի սրանից ընկերության մյուս հիմնադիր Գուրգեն Զաքարյանի դուստրը Բաղրամյան փողոցում բնակարանի եւ 2 ավտոտնակի է տիրապետում եւ դա նույնպես գրանցված է որպես ընկերության գրասենյակ:

«2017 թվականին «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄԻ» եւ Ճանապարհային ոստիկանության միջեւ կնքվել է գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով, բացի զուտ եկամուտի 10 տոկոսից, պետությունը պարտավորվում է փոխհատուցել ընկերության կողմից կատարված բոլոր փաստացի ծախսերը, որի մեջ մտնում են բոլոր աշխատողների աշխատավարձերը, շինությունների վարձակալության գումարները, գույքի ձեռքբերումները, ընկերության գրասենյակների կողմից կատարվող ողջ կոմունալ ծախսերը, ընկերության հաշվեկշռում գրանցված մեքենաների շահագործման գումարները, դրանց ընթացիկ վերանորոգումը, վառելիքի ծախսերը, ինչպես նաեւ ընկերության հաշվեկշռում գրանցված 2 անշարժ գույքերը: Մեկը, ինչպես նշեցի, Թբիլիսյան խճուղում գտնվող առանձնատունն է, մյուսը՝ Բաղրամյան փողոցում գտնվող բնակարանը՝ 2 ավտոտնակով: Դրանք գրանցված են որպես գրասենյակ, բայց փաստացի միշտ տիրապետել են իրենք, Թբիլիսյան խճուղունը՝ Ալեքսան Զաքարյանը, իսկ Բաղրամյան փողոցում գտնվող բնակարանը՝ մյուս հիմնադիր Գուրգեն Զաքարյանի դուստրը: Դրանց կոմունալ բոլոր ծախսերը, ինչպես նաեւ ընթացիկ վերանորոգումները, կատարվել են պետության հաշվեկշռից»,- ասաց Ղլեչյանը:

Երկրորդ դեպքը, որի առնչությամբ Ղլեչյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ի հիմնադիրներ Զաքարյան եղբայրների քրոջ որդու՝ Դավիթ Հարությունյանի հիմնադրած «Գլոբբինգ» ընկերությանն է վերաբերում: Ղլեչյանը նշում է, որ «Գլոբբինգ»-ի միջոցով գումարներ են «լվացել»:

«ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ն կանխիկ կամ անկանխիկ գումար է տալիս «Գլոբբինգ»-ին, այդ ծախսերով իրականացվում են տեղի կազմակերպչական ծախսերը, իսկ գնումների հետ կապված քաղաքացիների բոլոր վճարումները գնում են Դավիթ Հարությունյանի հաշվեհամարին: Նրանք խուսափում են հարկեր վճարելուց եւ անօրինական ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնում են: Խոսքը տարեկան մի քանի միլիոն դոլարի մասին է»,- պատմեց Ղլեչյանը:

Նա նշեց, որ «Գլոբբինգ» ընկերությունը հիմնադրել են ինքը եւ Դավիթ Հարությունյանը. «Ես ընկերության 90 տոկոսը փոխանցել էի Հարությունյանին, իսկ 10 տոկոսը ինձ էր պատկանում: Նրանք փաստաթուղթ են կեղծել՝ արդյունքում 100 տոկոսը իրենց վերցնելով, որ ես այդտեղ ոչինչ չունենամ: Երբ համոզվեցի, որ մեխանիզմները օրինական չեն, ես դուրս եկա այդ խաղից, բայց պարզվեց, որ իրենք իմ ստորագրությունը կեղծել են եւ ամբողջը Դավիթի զոքանչի անունով են դարձրել»: Ղլեչյանը նշեց, որ ստորագրության կեղծման փաստով քրեական գործ է հարուցվել:

ՀԺ-ն Ղլեչյանից հետաքրքրվեց իր նշած փողերի լվացման մասին. «Հազարավոր քաղաքացիներ «Գլոբբինգ»-ի միջոցով գնումներ են կատարում, այդ գնումների գումարները գնում են Դավիթի հաշվին՝ ԱՄՆ, այնտեղ էլ նույնանուն ընկերություն կա, որի 100 տոկոս սեփականատերը նույնպես Դավիթն է: Այստեղից իրականացվող ծախսերն էլ իրականացվում են «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄԻ» հաշվին: Ավտոմատ ստացվում է, որ այդ գումարներն առանց հարկվելու գնում եւ մաքուր նստում են Դավիթի հաշվին: Դրա անունը փողերի օրինական «լվացում» է»,- ասաց Ղլեչյանը:

Մանրամասները Armtimes.com կայքում։

Ստորեւ ներկայացնում ենք մի քանի լուսանկարներ Ալեքսան Զաքարյանին պատկանող առանձնատան հարակից տարածքից.

62543832_395219027755420_590383756376801280_n

62431994_409573492974552_3349032312770658304_n