Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրերս նոր բացահայտումով հանդես եկավ։ Միքայել Մինասյանը հայտնեց՝ ՀՀ-ից ծխախոտով բեռնված նոր ինքնաթիռ է գնացել Սոչի, այնտեղից էլ՝ ՀՀ-ի կողմից չճանաչված Աբխազիա. «Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով բեռնված նոր չվերթն է գնում դեպի Սոչի, այս անգամ արդեն Վորոնեժի դասերը քաղել են, սակայն մի նյուանս են մոռացել, որ ՀՀ-ն չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր, և ՀՀ փաստաթղթերի մեջ չկա այդպիսի սուվերեն երկիր, ինչպիսին Աբխազիան է: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ փող աշխատելու մոլուցքն անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրանանգները կատարել, Աբխազիայի կողքին ավելացնում են ստորակետ, Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական պրոբլեմ:
Իսկ ինչո՞ւ Աբխազիա, որովհետև Աբխազիան գտնվում է Սոչիի օդանավակայանից 1 ժամ հեռավորության վրա, փաստաթղթերում գրում են օդանավակայան Ադլեր, իսկ ապրանքը պետք է գնա Աբխազիա»,- նշեց Մինասյանը և հավելեց, որ այս կերպ նրանք ոչ միայն հայ ժողովրդին խայտառակ են անում, այլև մտցնում են պրոբլեմների մեջ ռուսների, աբխազների ու վրացիների հետ իր ընտանիքի բիզնեսի համար:
Նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտումները օգնում են նոր փաստեր գտնել մաքսանենգ ծխախոտի գործի մասին։ Նոր տեսանյութում Մինասյանը նոր փաստեր ներկայացրեց Վորոնեժ ուղարկված երկրորդ ինքնաթիռ ծխախոտի մասին։ Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթերից հնարավոր եղավ առավել ուշագրավ մանրամասներ ճշտել։ Ծխախոտը Հայաստանից Ռուսաստան է ուղարկել «Ռոմկար» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնադրել է Ռոման Վանիկի Կարապետյանը 2016 թվականին (պետական գրանցում), բայց հետագայում նա դադարեցրել է մասնակցությունը իր իսկ հիմնադրած ընկերությունում։ Զինծառայողների ապահովագրության հիմանդրամից տեղեկանում ենք, որ «Ռոմկար» ընկերությունը դրոշմանիշային վճար վճարել է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը։ Այսինքն ստացվում է, որ «Ռոմկար« ընկերությունը իշխանափոխությունից անմիջապես հետո դադարեցրել է իր գործունեությունը, իսկ եթե չի դադարեցրել, ապա աշխատակիցներ չի ունեցել և հարկեր չի վճարել։ Հիշեցնենք, որ դրոշմանիշային վճար վճարում են Հայաստանում գործող բոլոր կազմակերպությունները, ամեն աշխատակցի համար 1000 դրամ (հղումը այստեղ)
Առավել հետաքրքիր է, թե ի՞նչ ընկերություն է եղել մաքսանենք բեռը ստացողը։ Ինչպես Մինասյանի տեսաուղերձում հրապարակված փաստաթղթից է հասկանալի դառնում բեռը ստացել է ռուսական «Ցերիստել» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հայկական «Ռոմկար» ընկերության հետ կնքել է №100127 պայմանագիրը 07․03․ 2020-ին։ Սա այն դեպքում, երբ ՌԴ օրենքների համաձայն «Ցերիստել» ՍՊԸ-ն իր գործունեությունը դադարեցրել է մարտի 5-ին, այսինքն պայմանագրի կնքման պահին նշված ընկերությունը գոյություն չի ունեցել (տեղեկատվության պաշտոնական աղբյուրը այստեղ)։
Ստացվում է, որ Հայաստանին մաքսանենգ ծխախոտը Ռուսաստան ուղարկել է գրանցված, բայց փաստացի չգործող ընկերություն, իսկ բեռը ընդունողը եղել է պայմանագրի կնքման պահին արդեն գոյություն չունեցող կազմակերպություն։