Հայաստանում նոր տիպի կորանավիրուսը լուրջ առողջապահական խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանում։ Իշխանությունները գիտակցելով այս ամենը պատրաստվում են հիվանդության տարածման հնարավոր մեծ ալիքին։ Քիչ առաջ մեր խմբագրությունը ստացավ լուսանկար, որից պարզ է դառնում, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին մեկուսացնելու վայրի են վերածել նաև Մարզահամերգային համալիրը։ Մեր աղբյուրները պնդում են, որ մարզերում սպորտդպրոցներն են վերածվում հիվանդանոցների։
Մի քանի ժամ է մենք փորձում ենք կապ հաստատել պարետատան պատասխանատուների հետ մեկնաբանություններ ստանալու նպատակով, սակայն մեր զանգերն անպատասխան են մնում։
Նկատենք, որ օրեր առաջ «Փաստինֆո»-ն գրել էր, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հնարավոր է ծառայեցվի որպես բուժհաստատություններից դուրս հավելյալ վայր, որտեղ կորոնավիրուսով հիվանդներին բուժօգնություն կտրամադրվի:
Քիչ առաջ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը այս մասով գրեց․«Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։
Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»։