Լոռու մարզպետը «հաստատեց», որ Նիկոլ Փաշինյանը...

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Վանաձորի գազաբալոններ արտադրող գործարանից, որը, ըստ մեր հրապարակման, չի գործում և չունի գրանցված աշխատակիցներ։ Մարզպետի էջում հրապարակված լուսանկարներին կից գրված է․ «Հայ-իրանական գազաբալոնների գործարանում բուռն աշխատանքներ են իրականացվում: Գազաբալոնների արտադրման համար անհրաժեշտ հումքի առաջին խմբաքանակն արդեն տեղում է, բալոնների արտադրման համար անհրաժեշտ սերտիֆիկացման գործընթացը' սկսված»։

Ըստ էության` Լոռու մարզպետը հաստատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ ստել է, երբ հայտարարել է, որ նոր գործարան է բացվելու դեկտեմբեր ամսին․«Էսօր ինձ ասեցին,  որ դեկտեմբերին Լոռվա մարզում գազի բալոնների ժամանակակից արտադրություն ա հիմնվելու մոտ 150 աշխատատեղով»,-հայտարարել էր Փաշինյանը։

Ինչպես տեսնում եք Լոռու մարզպետը խոսում է գազաբալոնների արտադրման համար անհրաժեշտ սերտիֆիկացման գործընթացի սկզբի մասին։ Սա վերահաստատում է մեր հրապարակումը, որ գործարանը բացումից 6 ամիս հետո էլ դեռ չի գործում։ 

Հիշեցնենք նաև, որ «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ մասին տվյալները բացակայում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000plus.am պաշտոնական կայքից, ինչը նշանակում է, որ ընկերությունը չունի գրանցված աշխատակիցներ։ Եվ եթե անգամ գործարանը այս պահին աշխատում է, ապա դա նշանակում է, որ պետությունից հարկեր են թաքցվում։