Լենինի ժամանակ՝ սուր մորուք, Ստալինի ժամանակ՝...

«Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը մեկնաբանեց, թե ինչու՞ է ընդհանրապես նման քննարկում տեղի ունենում.

«Սկսենք սկզբից, թե ինչու է ատելության ու բռնության խոսքը քննարկման առարկա դարձել թավշյա հեղափոխությունից հետո: Պատճառը պարզ է՝ դրանից հետո է այն ինտենսիվացել: Իհարկե, մինչ այդ էլ են եղել նմանատիպ դրսևորումներ, բայց ինտենսիվ, սիստեմավորված և, արդեն, հանրային բարոյականությանը վնասող խնդիր դարձել է հեղափոխությունից հետո»:

Ենոքյանը ատելության տարածման երկու հանգամանք նշեց.«Առաջինը՝ ինչու մինչ այդ հայհոյանք չկար կամ  քիչ էր, որովհետև հասարակությունը մերժում է հայհոյողին ու դուրս է մղում, իսկ ինչ է հետո հայտնվեց, որովհետև հետո մենք հասարակության փոխարեն ունենք երկու ենթահասարակություն՝ «սպիտակներ» և «սևեր», և երբ դու, լինելով, ասենք, «սպիտակ», հայհոյում ես, հասկանում ես, որ դու աշխատում ես քո ենթահասարակության մեջ, քեզ կմերժեն «սևերը», բայց նրանք նախևառաջ չգիտեն քո մասին, և երկրորդ՝ քեզ չի հետաքրքրում: Քեզ հետաքրքրում է «սպիտակների» ենթահասարակության կարծիքը, որոնք քեզ  «սրտիկում են»»:

«Մեդիա պաշտպան» ՀԿ ղեկավարը հիշեց՝ Լենինի ժամանակ բոլորը սուր մորուք ունեին, քանի որ լիդերն այդպիսին էր, և պետք էր կրկնօրինակել նրան, Ստալինի ժամանակ բոլորը բեղեր ունեին, Բրեժնևի ժամանակ բոլորը սկսեցին հոնքեր աճեցնել, Փաշինյանի ժամանակ էլ ատելության խոսքն է տարածվում, և սա է երկրորդ կարևոր խնդիրը, ըստ Աղասի Ենոքյանի. լիդերի խոսքին կրկնօրինակում են.«Երբ խոսում ենք բռնության խոսքի մասին, հիշում ենք «ասֆալտին պառկեցնելու» և «պատերին ծեփելու» արտահայտությունները: Ես, ճիշտն ասած, հույս ունեի, որ այս բռնության խոսքը կանցնի, քանի որ քաղաքական առաջնորդից վաղուց նման արտահայտություններ չէինք լսել, բայց վերջին հարցազրույցում երբ էլի խոսվեց իշխանության ներկայացուցիչների մասին, թե նրանք դռներում վնգստում են, և նրանց գլխին պետք է փեդով տալ, ես հասկացա, որ այս ճանապարհը ճանապարհ չէ: Եթե երկու գործոններից առաջինի դեմ ենթահասարակութունից հանրայնացնելով հնարավոր է ինչ-որ կերպ պայքարել, ապա երկրորդ ճանապարով, կարծես թե, պայքարի հնարավորություն չկա, կամ, միգուցե, պայքարի հնարավորությունն այն է, որ մամուլը ի ցույց դնի անընդհատ և ասի՝ այ սա է բռնության խոսքը»:

Ենոքյանը նաև ընդգծեց՝ երբ իշխանության ներկայացուցիչները խոսում էին, որ պետք է բռնության խոսքի դեմ պայքարել, պետք է օրենսդրություն ընդունել որոշակի, իր մոտ միանգամից կասկած է առաջացել.«Երբ բռնության խոսք տարածողը խոսում է պայքարի մասին, նշանակում է՝ նոր բռնություններ են լինելու, կամ, առնվազն, բռնության խոսքի նոր տարածումներ»: