Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ

Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի միջև հանդիպանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ անդրադարձ կատարեց Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչմանը նվիրված 296-րդ բանաձևին, որը, ըստ Էրդողանի, «խորապես վիրավորել էր թուրք ազգին»: Եվ նա հավաստիացրեց, որ այս բանաձևը կարող է լուրջ ստվեր գցել երկու երկրների միջև հարաբերությունների վրա, ինչի մասին նա արդեն իսկ հայտնել էր Թրամփին։ Վարչակազմի պատասխանը ուշացնել չտվեց։ Թրամփի և Էրդողանի միջև հանդիպմանը մասնակցել էին մի քանի օրենսդիրներ, այդ թվում սենատոր Լինդսի Գրահամը, ով և Սենատում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված 150-րդ բանաձևի նկատմամբ վետո կիրառեց, որի հետևանքով բանաձևը չմտավ Սենատի օրակարգ։

Ուսումնասիրելով Գրահամի ֆինանսավորման աղբյուրներն ու կապը լոբբիստների հետ կարելի է առանձնացնել մի քանի կարևոր գործարք։ Ներկայացնում ենք միայն այն ֆինանսավորման փաստերը, որոնք ունեն հստակ ապացույցներ, որը սակայն միայն այսբերգի մի մասն է։

-Դեռ 2016թ․ Գրահամին ակտիվ ֆինանսավորում է իրականացրել Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի հորեղբոր որդին՝ Մութլու Հալիլը (Mutlu Halil): Մութլու Հալիլը թուրք լոբբիստ է, ով եղել է Turken Foundation-ի նախագահ, իսկ այժմ հանդիսանում է Turkish American Steering Committee-ի (TASC) համանախագահ։ 2014թ․ նա հանդիպել էր այն ժամանակ դեռ Ինդիանայի նահանգապետ, իսկ ներկայումս ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Հենց այս նահագնում է, որ թուրք լոբբիստները ակտիվ աշխատում են և պատահական չէ, որ Ինդիանա նահանգից էին H. Res 296-ին դեմ քվեարկած կոնգրեսականներից 4-ը (այս փաստին անդրադարձել ենք նախորդ հրապարակումներում)։ Ինչ վերաբերում է Լինդսի Գրահամին, ապա վերջինիս գումարներ փոխանցել է ոչ միայն ինքը՝ Մութլու Հալիլը, այլ նաև իր կինը՝ Մութլու Լին (Mutlu Lynn): Ընդհանուր առմամբ այս երկուսի կողմից փոխանցվել է $10800: Ավելին, հենց Մութլու Հալիլի կողմից 2019թ․ սեպտեմբերի 30-ին $1500-ի ֆինանսավորում է տրվել H. Res․ 296-ին ձեռնպահ քվերկած երեք թեկնածուներից մեկին՝ Իլհան Օմարին։

-2016թ․-ին սենատոր Լինդսի Գարահամը նաև ֆինանսավորում է ստացել թուրք գործարարի Մուրատ Գուզելի (Murat Guzel) կողմից, ով գումար է փոխանցել ոչ միայն անձամբ իր անունից, այլև իր ընտանիքի անդամների՝ $18․900-չափով։ Այս նույն գործարարը իրեն պատկանող ընկերության կողմից առավել վաղ ֆինանսավորել էր այլ թեկնածուների։ Մուրատ Գուզելը 2014-2015թթ․ եղել է MUSIAD-ի հիմնադիր նախագահը, որն աջակցել է Turkish American Steering Committee-ին (TASC) պայքարելու Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ։ Այժմ Մուրատ Գուզելը TASC-ի Խորհրդի հիմնադիր անդամ է։ TASC-ը և MUSIAD-ը ԱՄՆ-ում հիմնադրված թուրքական կառույցներ են, որոնք զբաղված են հակահայկական և հակաքրդական լոբբինգով։ 2016թ․ Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանը խոստացել է անձամբ աջակցել այս կառույցներին։ Հարկ է նշել, որ Սենատում Հայոց Ցեղասպանության բանաձևի վրա վետո դրած սենատոր Լինդսի Գրահամին ակտիվ ֆինանսավորող Մուրատ Գուզելը ԱՄՆ-ում իր գործունեության մասին զեկուցում է ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին, ով նախկինում եղել է Թուրքիայի Էներգետիկայի նախարարը, իսկ այժմ զբաղեցնում է Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, այլև Էրդողանի որդի Բիլար Էրդողանին և Էրդողանի մամլո խոսնակ Իբրահին Կալինին։

-2019թ․ Լինդսի Գրահամը ստացել է $5000-ի ֆինանսավորում նաև Turkish Coalition Northeast Political Action Committee-ի կողմից։

-Լինդսի Գրահամի հետ ակտիվ կապի մեջ են նաև Greenberg Traurig LLC լոբբիստական ընկերության ընկերության ներկայացուցիչները։ Վերջինիս արդեն մի քանի տարի է, ինչ վարձել է Թուրքիան, որն էլ իր հերթին 2019թ․ վարձել է 3 այլ կազմակերպություններ Թուրքիայի կառավարության անունից՝ ընդհանուր առմամբ վճարելով $1․538,000։ Greenberg Traurig-ը ակտիվորեն կապ է պահպանում մի շարք կոնգրեսականների, մասնավորապես Լինդսի Գրահամի հետ։ Միայն 2019թ․ Greenberg Traurig LLC ընկերության ներկայացուցիչները մի քանի անգամ էլեկտրոնային նամակներ են ուղղել Գրահամին և երկու հանդիպում ունեցել վերջինիս հետ, որի թեման, ըստ պաշտոնական տվյալների, եղել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն