«Լենտեքսը» նոր արտոնություն ստացավ

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լենտեքս» ՍՊԸ-ի  կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարել եւ լրացուցիչ արտոնություն տալ այդ ընկերությանը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ նախագծով նախատեսվում է  ցանկում լրացում կատարել 11 ապրանքատեսակով, որի արդյունքում գումարը կավելանա 1,78 մլրդ դրամով եւ «1,985,700,000» թվից կփոխարինվի «3,767,700,000» թվով։

Նշենք, որ «Լենտեքս» ՍՊ ընկերությունը ստեղծվել է դեռեւս 2001 թվականից եւ արտադրում է տարբեր տեսակի հագուստ եւ գուլպեղեն։ Ներդրումային ծրագրի շրջանակներում Ընկերությունը ս.թ. փետրվար ամսից սկսել է թելի արտադրությունը, որով փոխարինել է ներմուծումը եւ օգտագործում է իր իսկ արտադրած թելերը, արդյունքում ստեղծելով նոր աշխատատեղեր (ծրագրի շրջանակներում ստեղծվել է 32 աշխատատեղ)։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում Ընկերությունը մտադիր էր կատարել ընդհանուր շուրջ  5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, սակայն իր ծրագրում նշել էր միայն ներկրվող հումքի 1,98 մլրդ դրամի չափսը որպես ներդրում։ Նշված Ընդհանուր ներդրման գումարի շուրջ 650 մլն դրամը սարքավորումներ են, սակայն մեծ մասը արդեն իսկ ազատված են ԱԱՀ-ից, այդ իսկ պատճառով ներառված չեն նշված ցանկում։

Ընկերությանը ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1313-Ա որոշմամբ թույլատրվել է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումների, հումքերի եւ նյութերի ԱԱՀ-ն հետաձգել 3 տարի ժամկետով:

Ներկա պահին (ըստ Ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության) Ընկերությունը արդեն իսկ կատարել է շուրջ 1,4 մլրդ դրամի ներդրում։

Առաջին փուլով Ընկերությունը արտոնություն էր ստացել ներմուծվող ապրանքների մասով 1,98 մլրդ դրամի չափով, որից առայժ ներմուծվել է 580 մլն դրամը։ Այժմ, երկրորդ փուլով նախատեսվում է ներմուծել եւս1,78 մլրդ դրամի չափով ապրանքներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների եւ կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների եւ կառուցվածքների ներմուծումն իրականացվելու է փուլ առ փուլ։  Ներկայումս, ընկերությունը կնքել է հերթական պայմանագրերը, ուստի առաջացել է ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման եւ լրացման անհրաժեշտություն:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 60 նոր աշխատատեղ, հասցնելով այն 460-ի` 80 հազ․ՀՀ դրամ միջին աշխատավարձով: