Լավրովը բացահայտեց Փաշինյանի սուտը, կամ Փաշին...

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը հրամցվող սուտը։ Այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ Լավրովը տեղեկացրել է, որ Արցախի խնդրի կարգավորման սեղանին դրված է փաստաթուղթ, որը ենթադրում է խնդրի փուլային լուծում․ «Այդ փաստաթղթերը ենթադրում են առաջընթաց դեպի կարգավորում՝ փուլային տարբերակով։ Սա ենթադրում է առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում՝ ԼՂ մի շարք շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցության ապաշրջափակում։ Այնպես որ, ես համոզված եմ, որ երբ մենք կգանք որոշման՝ ստորագրել այդ փաստաթղթերը, դա կլինի կարեւոր քայլ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի կյանքի կոչման համար, որոնք պահանջում են կրակի դադարեցում եւ անցում բանակցություններին, ինչին փորձում ենք հասնել մենք՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած իր մամուլի ասուլիսի ժամանակ պնդել էր, որ բանակցային սեղանին չկա որևէ փաստաթուղթ․ «Այս պահին որևէ փաստաթուղթ բանակցային սեղանին չկա, և մենք պետք է աշխատենք՝ ավելի առարկայական բանակցությունների փուլին մոտենալու համար»։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովին արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը։ Հայաստանի ԱԳ նախարարն, ըստ էության, չհերքեց Լավրովի պնդումը, միայն ասաց, որ սեղանին դրված չէ 2014 թվականին առաջարկված փաստաթուղթը․ «14 թվականին (խոսքը 2014 թվականի մասին է) առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,-հայտարարեց նախարարը։

ՌԴ ԱԳ նախարարն իր խոսքում նշեց, որ նոր փաստաթուղթը կողմերին բաժանվել է 2019 թվականի ապրիլին, այսինքն՝ վարչապետ Փաշինյանն իր ասուլիսի օրը հստակ տեղյակ է եղել առկա փաստաթղթի մասին, բայց անհասկանալի դրդապատճառներով ստել է և վստահեցրել, որ բանակցությունների սեղանին փաստաթուղթ չկա։