Լարսն ավելի է մոտենում Հայաստանին. Բախտաձե

Վրաստանում՝ ռուս-վրացական սահմանի մոտ, նոր տարանցիկ միջանցքի կառուցումը կմեկնարկի մինչև այս տարեվերջ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Վրաստանի ռազմավարական ճանապարհի՝ Վերին Լարսի ուղղությամբ ձգվող նոր ավտոմայրուղին Հյուսիս-հարավ նախագծի մաս է կազմում։ Այն Թբիլիսիից Լարսի անցակետ զգալիորեն կրճատելու է երթևեկության տևողությունը՝ Հայաստանի համար փաստացի դառնալով այլընտրանք Վերին Լարսին, քանի որ, ինչպես մասնագետներն են պնդում, երթևեկելի է լինելու տարվա բոլոր եղանակներին։

Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել՝ ներառյալ 9 կմ-անոց թունել, որը կդառնա ամենաերկարը Վրաստանում:

«Մի քանի օրից պայմանագիրը կստորագրվի: Սա կլինի Եվրոպայում ամենաբարդ ճարտարապետական կառույցներից մեկն՝ ամենաերկար թունելներից մեկով: Անշուշտ, դա կյանքի կոչելու համար ներդրումները կարևոր են, իսկ ներդրումներն արդեն կան»,- նշել է Բախտաձեն:

Նախագծի նախնական արժեքը գնահատվում է 558,6 մլն դոլար, այն համաֆինանսավորելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Վրաստանի կառավարությունը։

Վերին Լարսում տարվա գրեթե բոլոր եղանակներին խնդիրներ են առաջանում։

Ձմռանն այն փակվում է ձնաբքի, իսկ տարվա մյուս եղանակներին հեղեղների ու սողանքների պատճառով։