Կրակելով Տավուշի վրա՝ Բաքուն ստուգում է Մոսկվ...

Ներքաղաքական լրահոսով տարված, հայաստանյան հասարակությունը արժանի ուշադրություն չհատկացրեց հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչություններից հղված ազդակներին, կապված Ադրբեջանի պահվածում նկատվող բացասական դինամիկայի հետ, կամ որ նույնն է, ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի մարզի գյուղերի եւ դիրքերի ուղղությամբ բացված կրակի, ինչպես նաեւ Արցախում՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակիացման հետ։ Մինչդեռ այս լուրերը պետք է լինեին առաջնային ուշադրության արժանի, քանի որ անմիջականորեն առնչվում են մեր երկու հանրապետությունների անվտանգությանը։ Ուշագրավ է, որ Բաքվի այս սադրանքները կամ սադրանքների ակտիվացումը տեղի է ունենում երկու կարեւոր իրադարձությունների ֆոնին՝ /ա/ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման եւ /բ/ Բաքվում տեղի ունեցած ԱՊՀ Պնախարարների խորհրդի նիստի։ Ու եթե մի դեպքում հասկանալի է, որ սադրումը ինչ որ իմաստով «մեծ եղբորը» «քյոմակ» անելն էր, ապա երկրորդ դեպքում անհասկանալի է, թե ինչու պետք է Բաքուն գնա սադրանքի ու կրակի ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ու սահմանապահ դիրքերի վրա, երբ Ռուսաստանի նախագահությամբ իր մոտ ընթանում է ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն Երեւանում էր։

Ուրեմն, կարելի է մտածել, որ Երեւանում ինչ որ բան է քննարկվել, որը հետո արդեն փոխանցվել է Բաքվին կամ նույն շղթայի շրջանակում քննարկումները շարունակվել են Բաքվում, որոնք այնքան էլ դուր չեն եկել ադրբեջանական կողմի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ որոշել են իրենց վերաբերմունքը արտահայտել նման դեմարշ քայլով։ Կամ էլ, ինչը նույնպես հավանական է, Բաքուն փորձում է ստուգել Մոսկվայի նյարդերի ամրությունը՝ կրակելով Տավուշի վրա կամ էլ ակտիվացնելով հրադադարի խախտումները Արցախում։ Սա նույնպես հավանական սցենար է, քանի որ Բաքուն վերջին շրջանում ամեն բան անում է՝ հայ-ռուսական հարաբերությունները «բզբզելու» համար, օգտվելով Մոսկվա-Երեւան հարաբերություններում ի հայտ եկած «ամպամածությունից»։