Կոռուպցիա կա

Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց, որ Կառավարությունը կարողացել են արմատախիլ անել համակարգային կոռուպցիան: Իսկ ահա Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց հաջողվել է բացարձակ արդար և տարբեր կասկածելի անձանց ներգործությունից զերծ ընտրություններ կազմակերպել։

Ամիսներ անց Փաշինյանի այս երկու հայտարարություններն էլ առոչինչ են դառնում՝ հենց իր թիմակիցների հայտարարությունների միջոցով։ Փաշինյանի  տարբեր թիմակիցներ իրենց հայտարարություններով ապացուցեցին, որ ոչ միայն կոռուպցիա կա, այլ նաև ընտրությունները այդքան էլ զերծ չեն մնացել կասկածելի ներգործությունից։

Ամենաթարմ հայտարարությունը իհարկե  Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունն էր։ Կոմիտեի նախկին նախագահը պաշտոնակությունից հետո հայտարարեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը կոռուպցիոն պատմությունների մեջ է թաթախված․«․․․ Ասել եմ՝ կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, որը Հայաստանում երևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը (խոսքը Ավետիք Էլոյանի մասին է), համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, և իրեն պատկանող ընկերությունը անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում: Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս այդ մասին ասել եմ: Դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որը բերանը բաց նայում է, ասում է՝ չհասկացանք, եթե նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ որևէ պաշտոնյա, որը կարող է․․․ այդպես բաց չէր հայտարարում, բայց հենց «Ազատություն» ռադիոկայանում ինֆորմացիա է եղել, որ այդ պետական պաշտոնյան նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել և ասել, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է»:

Սրանից առաջ էլ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրեց նախկին իշխանությունների հետ փողկապակցված գործարարների շահերը սպասարկելու մեջ։ «․․․ Նույն դիալիզի պարագայում Թորոսյանը հստակ դիրքորոշում ուներ։ Դոն Պիպոյի քրոջ որդուն և Սամվել Ալեքսանյանին է պատկանում դիալիզի շուկայի 84%-ը, այսինքն՝ պատկանում է այս երկու հեղինակություն ունեցող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին։ Արսեն Թորոսյանը ակտիվորեն պաշտպանում էր նրանց շահը։ Ես սկզբից կարծում էի, որ Արսեն Թորոսյանը զուտ պացիենտների մասին է մտածում, բայց այդ պարագայում մենք ունենք այլ հիվանդանոցներ, որոնք հենց տվյալ կազմակերպություններից չեն օգտվում, ինչը ենթադրում է, որ Արսեն Թորոսյանն այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր մոտեցումներում։ Չգիտեմ՝ իր շահը որն է»։

Չպետք է մոռանալ, որ Դավիթ Սանասարյանի անունը ևս խառն է մի կոռուպցիոն սկանդալի մեջ, որի հետևանքով էլ նրա լիազորությունները դադարձեցվեցին, քանի որ կար հարուցված քրեական գործ։ 

Նույն հարցազրույցի ընթացքում Դավիթ Սանասարյանը իշխանության այլ ներկայացուցիչների մեղադրեց  ընտրությունների ժամանակ իր դեմ աշխատելու և ըստ էության ընտրությունների արդյունքների վրա ոչ օրինական ճանապարհով ազդելու մեջ․ «ԱԺ ընտրությունների օրերին ես համայնքի բնակիչներից եմ տեղեկացել, որ իրենց հորդորել են և շատերին պարտադրել են՝ Վստրեչի Ապեր, Թոխմախի տարածքում հայտնի մարդիկ, որ Ալեն Սիմոնյանի օգտին քվեարկեն՝ խնդիրներ կունենաք, պետք է աջակցեք Ալեն Սիմոնյանին։ Ներկա թաղապետեր աշխատում էին Ալեն Սիմոնյանի օգտին՝ Նորք-Մարաշի թաղապետը, որը հայտնի ՀՀԿ-ական էր, նրան խոսք էր տրվել, որ դու կշարունակես պաշտոնավարել»:

Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանն էլ պաշտոնանկությունից հետո տարբեր կոռուպցիոն պատմությունների մասին խոսեց իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, դրանք կապելով նախկին մարզպետ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Տրդատ Սարգսյանի անվան հետ։ Տոնոյանի պաշտոնանկությունից կարճ ժամանակ անց պաշտոնանկ արվեց նաև մարզպետը, քանի որ ըստ որոշ լուրերի մասնակցել էր ԶՈՒ գնդապետի դաժան ծեծին։

Այս հայտարարությունները հստակ ապացույցն են այն բանի, որ Փաշինյանի թիմը ևս զերծ չէ կոռուպցիայից։ Եվ առնվազն սխալ է, երբ վարչապետը խոսում է կոռուպցիան արմատախիլ անելու մասին։