Կորոնավիրուսով ախտահարվել է ավելի քան մեկ միլ...

ԱՄՆ-ում Ջոն Հոփքինսի համալսարանի մասնագետները հայտնել են, որ աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով: Այս թիվը հրապարակվել է ապրիլի 3-ին Երևանի ժամանակով ժամը 02:00-ին:

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, հրապարակման ժամի դրությամբ նոր կորոնավիրուսի հարուցած COVID-19 թոքաբորբից աշխարհում մահացել է ավելի քան 51 հազար 400 մարդ:

Զեկույցի հեղինակների փոխանցմամբ՝ վարակվածների և զոհերի իրական թիվը հավանաբար շատ ավելի մեծ է:

Մասամբ դա բացատրվում է տարբեր երկրներում վիճակագրությունը կազմելու տարբեր մոտեցումներով, COVID-19-ի մեղմ ընթացքի պարագայում դրանք հաճախ չեն գրանցվում որպես կորոնավիրուսի հետևանք:

Մասամբ էլ դա բացատրվում է «արագ թեստերի» պակասով, իսկ որոշ երկրներում էլ իշխանությունները, ենթադրաբար փորձելով կանխել հնարավոր խուճապը կամ ելնելով ներքաղաքական այլ հանգամանքներից, արժանահավատ տեղեկատվություն չեն հրապարակում:

ԱՄՆ-ում զեկույցի հրապարակման ժամի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 236 հազար դեպք, մահացել է ավելի քան 5840 մարդ:

Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում, որտեղ COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 13 հազար 900 մարդ: