Կորոնավիրուսի համաշխարհային վիճակագրությունը

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը, իսկ մահվան դեպքերինը՝ 8 հազարը: Այս մասին փախանցում է Ազատությունը։

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 475 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3 հազարին, գրեթե 34 հազար մարդ հիվանդ է:

Նիդերլանդներում Covid-19 ախտորոշվել է ավելի քան 2 հազար մարդու մոտ, մահացել է 58 մարդ: Հոլանդիայի առողջապահության նախարարը կորցրել է գիտակցությունը խորհրդարանում համաճարակի հետ կապված քննարկման ժամանակ:

Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր երկրում արդեն 264 մարդ է մահացել, վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9 հազարը, համաճարակը տարածվել է Ֆրանսիայի բոլոր շրջաններում: Առանց լուրջ պատճառի տանից դուրս գալու արգելքի շրջանակում վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում ոստիկանությունը տուգանել է ավելի քան 4 հազար մարդու: Անցած օրվա ընթացքում հիվանդությունից մահացությունների թիվը կտրուկ աճել է. Հիվանդանոցներում մահացել է 89 մարդ՝ նրանց մեծ մասը 65 տարեկանից բարձր մարդիկ են, և միայն 7 տոկոսը՝ ավելի երիտասարդ: Վերջին տվյալներով՝ 920 մարդ վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում:

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է Covid-19- ի ևս 33 դեպք, այժմ հիվանդների թիվը մոտ 150 է: