Կոչ ենք անում վարչապետին հետ կանգնել ոչ մի տե...

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակով՝ խնդրելով վերջինիս ներկայացնել ստրասբուրգյան ելույթում հայտարարված 50 000 բացված աշխատատեղերի մասին տեղեկանք:

Politik.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն ասաց, որ  իրենք սպասում են վարչապետից խնդրած տեղեկանքին, ըստ այդմ կպլանավորեն հետագա անելիքները: Մանրամասնելով իրենց կատարած ուսումնասիրությունը՝ Գրիգորյանն ասում է.

«Մեր ուսումնասիրության համար հիմք հանդիսացան փետրվար ամսվա վիճ. տվյալները, որոնցում մի քանի հակասական բաներ նկատեցինք և ի հակադարձ վարչապետի ստրասբուրգյան ելույթի՝ փորձեցինք դրանք բարձրաձայնել: Իշխանական օղակնբերը լծվել են այն  տեսակետի հրապարակայնացմանը, թե այդ 50 000 աշխատատեղերը ստվերի կրճատումն են: Մենք ողջունում ենք իշխանության քայլերը՝ ուղղված ստվերի կրճատմանը, բայց երբ ուսումնասիրեցինք ՊԵԿ-ի վիճ. տվյալները, հասկացանք, որ այստեղ էլ խնդիրներ կան: Նախ՝ երկու ցուցում կա. առաջինը՝ գործազուրկների թիվը մնացել էր նույնը, երկրորդը՝ նախորդ տարվա հունվար մասվա համեմատ այս տարի տեղի է ունեցել 50 000 աշխատատեղի ավելացում: Անցած տարվա հունվարի տվյալներով՝ Հայաստանում աշխատող մարդկանց թիվը կազմել է 510 000, իսկ այս տարվա փետրվարին՝ 560 000, բայց 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին Նիկոլ Փաշինյանը որևէ լծակ չուներ և չէր կարող այն ժամանակ արձանագրված ցուցանիշները իր կառավարության օգտին օգտագործել: Մայիսի տվյալներով՝ թիվը հասել է 540 000-ի: Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ վարչապետ Փաշինյանի իշխանության օրոք՝ մայիս-փետրվար ամիսներին, Հայաստանում ավելացել է ընդամենը 20 000 աշխատատեղ: Սա որևէ աղերս չուներ Ստրասբուրիգից նրա հնչեցրած ելույթներին: Սրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք այլ Հայաստան, որտեղ աշխատատեղեր են կրճատվում խոշոր ձեռնարկություններ են սնանկանում»: 

Գրիգորյանի խոսքով՝ կադրային նման ռեսուրսով պետության առջև ծառացած խնդիրները դժվար կլինի լուծել.«Կադրերը որոկյալ չեն, քաղաքականապես հասուն չեն: Հրապարակային տիրույթն անընդհատ կիքսերով է լցված: Հուսով ենք՝ առաջընթաց կգրանցվի, և պետական խնդիրների նկատմամբ նրանց մոտեցումները կփոխվեն»:

Ըստ Գրիգորյանի՝ կան ձևի ու բնույթի հետ կապված որոշակի խնդիրներ.«Ինչ է նշանակում թվերի մանիպուլացիա անել ստրասբուրգյան բարձր ամբիոնից՝ ցույց տալով, թե պետությունը սոցիալական բեռ է թեթևացնում: Նման մոտեցում ուներ Սերժ Սարգսյանը, բայց վերջինիս քաղաքական գնահատականը  տվեց ժողովուրդը: Մենք պարզապես բարեկամաբար կոչ ենք անում վարչապետ Փաշինյանին հետ կանգնել ոչ մի տեղ չտանող սարգսյանական ձևի ու բնույթի խեղումներից և երկրի խնդիրների առջև մեծացնել սեփական պատասխանատվությունը»:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության նախագահի՝ երեկ ճեպազրույցներում վարչապետ Փաշինյանը մամուլի հետ շփումներում դասը վատ սովորած աշակերտի պես անընդհատ «մունաթ» էր գալիս լրագրողների վրա, թե ինչ խոստում է տվել, որ չի կատարել.«Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ վարչապետ Փաշինյանը հեղափոխական հարթակից տված իր խոստումը՝ խորհրդարանական ընտրությունները անցկացնել նոր ընտրական օրենսգրքով, չի կատարել: Ես՝ որպես կուսակցության առաջնորդ, պնդում եմ, որ նա առաջնորդվել է իր կուսակցության շահերով՝ օգտագործելով հետհեղափոխական բերկրաթմբիրը սեփական քաղաքական թիմի՝ խորհրդարանում ներկայացվածության մակարդակը մեծացնելու համար»: 

Գրիգորյանը նշում է նաև, որ իրականաւոմ ոչ մի բան Նիկոլով, Լևոնով կամ Րաֆֆիով պայմանավորված չէ.«Մենք ինստիտուտների ամրապնդմանն ենք կողմնակից: Կարծում ենք, որ պետք է քաղաքական մշակույթը բարելավվի, պետական կառավարման ինստիտուտները ամրացվեն»: