«Կխնդրեմ բոլոր ամուսիններին՝ այս իրավիճակում...

Մարտի 26-ից ՀՀ և ԼՂՀ սահմանը չորս հատվածում փակվել է, և սահմանափակումներ են մտցվել շարժի հետ կապված,- այս մասին այսօր լրագրողներին  տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Վերջինս ասաց,  որ մարտի 26-ից Արցախ կարող են գնալ այն անձինք, ովքեր  Արցախի Հանրապետությունում ունեն հաշվառում։ Սահմանափակում չկա նաեւ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, այդ թվում՝  բեռնատարների համար, ինչպես նաեւ Արցախում կայանալիք ընտրությունների համար դիտորդական առաքելություն իրականացնող անձանց և լրագրողների, Պաշտպանական բանակի սնուցման գործառույթ իրականացնող բոլոր կազամակերպությունների:

Ըստ փոխոստիկանապետի ներկայացրած տվյալների՝ մինչ մարտի 28-ը ՀՀ-ում ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենաներում սահմանված քանակից ավելի ուղևոր տեղափոխելու պատճառով 1843 դեպքով ուղևորները իջեցվել են մեքենաներից, 48 դեպքով ընդհանուր օգտագործման  տրանսպորտային միջոցների վարորդները ենթարկվել են տույժերի:

Հարցին, թե եթե մեքենաներում չի թույլատրվում 2-ից ավելի ուղևոր, արդյոք, օրինակ, ամուսինները պետք է երթևեկեն առանձի՞ն մեքենաներով, Մհրյանն ասաց.

«Կխնդրեմ բոլոր ամուսիններին՝ այս իրավիճակում առանձին-առանձին շրջել»:

Ինչ վերաբերում է ոստիկանների պաշտպանվածությանը հնարավոր վարակվելուց, եւ լրագրողներից մեկի այն մտահոգությանը, թե ահազանգեր են ստանում, որ ոստիկանների դիմակները անորակ են, քաղաքացիները վստահություն չունեն նրանց՝ առողջ լինելու նկատմամբ, փոխոստիկանապետը նշեց.

«ՀՀ ոստիկանությունը դիմակները ձեռք է բերում օրենքով սահմաված կարգով և դրա գործունեության իրավունքը ունեցող կազմակերպություններից»։

Ինչ վերաբերում է Երեւանի ծայրամասերում մարդկանց կուտակումների վերաբերյալ  հարցադրմանը, Մհրյանը երևույթը չբացառեց, բայց հորդորեց ըմբռնումով մոտենալ, որովետև ոստիկանության թվաքանակը անսահմանափակ չէ, և ոստիկանությունը իր ծառայությունը իրականացնում է նշված երթուղիներով, հաջորդաբար:

Լրագրողներից մեկն ահազանգեց, որ Գյումրու «Լաչինի միջանցք» անվանումով շուկայում շարունակվում է բացօթյա առևտուրը, ոստիկանությունն ի՞նչ անելիք ունի այստեղ, փոխոստիկանապետն ասաց, որ ասուլիսից հետո անպայման կանդրադառնա այդ հարցին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ոստիկանության ռիսկային խմբի աշխատակիցների համար չկա՞ ավելի մեղմ գրաֆիկ, փոխոստիկանապետն ասաց, որ մեղմ գրաֆիկ չկա, որովհետև այդ դեպքում լրագրողները ավելի շատ կգրեն, որ ոստիկաններ չկան փողոցներում, ոստիկաններն իրավունք չունեն ծառայության չներկայանալու:

Մհրյանը նաև հայտնեց՝ ոստիկանությունը քաղաքացիներից չի պահանջում կրել դիմակ կամ ձեռնոց, այլ պահանջում է պահպանել ինքնամեկուսացման կանոնները, իսկ եթե գտնվում են փողոցում, իրենց մոտ ունենան անձնագիր և տեղաշարժման թերթիկ: