Երևանում Ղրիմի ազատագրման հնգամյակին նվիրված...

Այսօր Երևանում կանցկացվի կոնֆերանս՝ նվիրված Ղրիմի ինքնորոշման 5-ամյակին, որին մասնակցելու է նաև Գ.Մուրադովը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, Երևանից որևէ պաշտոնական հրավեր չի եղել Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին կից լիազոր ներկայացուցիչ Գեորգի Մուրադովին՝ այցելել Հայաստան:

Այն կարծիքների մասին, թե կոնֆերանսի անցկացումը հայկական իշխանությունների կողմից փորձ է Ռուսաստանին «սիրաշահելու», Politik.am-ը լսել է քաղաքագետներ Սուրեն Սարգսյանի և Արմեն Վարդանյանի մեկնաբանությունները: Վերջիններիս կարծիքով՝ կոնֆերանսի անցկացման մեջ որևէ արտասովոր բան չկա:

«Կարծում եմ՝ Հայաստանը միակ պետությունը չէ, որտեղ նման կոնֆերանսներ են անցկացվում: Հայաստանի արտգործնախարարությունը կոնֆերանսի որևէ հրավեր չի արել, Հայաստանի ղեկավարությունը սրան որևէ ներկայացվածություն չունի: Հայաստան գալիս են տարբեր երկրների ներկայացուցիչներ և մասնակցում այստեղ կայացող ցանկացած տեսակի  կոնֆերանսների և քննարկումների: Կարծում եմ՝ պետությունը այստեղ անելիք չունի՝ ոչ միջոցառումը կանխելու, ոչ էլ աջակցելու ուղղությամբ: Հայաստանը ազատ պետություն է փոխայցելությունների համար»,-ասում է Սուրեն Սարգսյանը:

Ըստ Արմեն Վարդանյանի՝ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և ցանկացած մարդ, ցանկացած կազմակերպություն կարող է այստեղ կոնֆերանս անցկացնել.«Օրինակ՝ Աֆրիկայից կարող են գալ և հակառուսական կոնֆերանս անցկացնել Հայաստանում, սրանում որևէ կերպ չի կարելի մեղադրել Հայաստանի իշխանություններին, և կարծել, թե այս քայլով փորձում են «սիրաշահել» Ռուսաստանին: Կարծում եմ՝  ուկրաինական կողմն էլ ըմբռնումով կմոտենա, և հայկական կողմն էլ, հարկ եղած դեպքում, նրանց կբացատրի, որ իրենք որևէ կապ չունեն: Ես որևէ խնդիր չեմ տեսնում: Պետք չէ ուռճացնել ու խնդիր ստեղծել: Խնդիր կլիներ, եթե Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները մասնակցեին այդ կոնֆերանսին»: