ԿԳՄՍ նախարարի և դասախոսների երեկվա հանդիպումը...

ԿԳՄՍ նախարարի և դասախոսների երեկվա հանդիպումը կառուցողական չէր, այսօր ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Արշալույս Գալստյանը։

«Հայտարարել, թե կառուցողական է, մի բան է, բայց վերջում դուք էլ լսեցիք, որ նախարարն ասաց, գնացեք լեզու գտեք ձեր գործընկերների հետ։ Սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է», - ասաց Գալստյանը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե երեկ ուսանողները հայտարարել են, որ նախարարի վերաբերմունքը դասախոսների նկատմամբ հեգնախառն էր, Արշալույս Գալստյանն արձագանքեց.

«Եթե անգամ ուսանողները նման բան են տեսել, ուրեմն մտածելու տեղիք ունենք ոչ թե մենք, այլч նախարարը, նախարարությունը, կառավարությունը։ Երբ գնում էինք հանդիպման, երբևէ չեմ մտածել, որ հանդիպման ժամանակ որևէ պետական պաշտոնյայի կողմից կարող եմ արժանանալ հեգնական վերաբերմունքի։ Ոչ իմ, ոչ էլ իմ գործընկերների մեծամասնության բարեկրթությունը երբեք թույլ չէր տա դուրս գալ թույլատրելիի շրջանակներից, նույնիսկ եթե մի քանի այդպիսի հանդիպում լիներ»։