Կասկածելի կոնֆետներ ու դպրոցի տնօրենի անհասկա...

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Մ. Խոստեղյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում անծանոթ մարդիկ աշակերտներին կոնֆետներ են տվել, որից հետո՝ երեկոյան 8-ին, աշակերտներից մեկի ինքազգացողությունը վատացել է, դիմել են ընտանեկան բժշկին, նա էլ հորդորել է դիմել Գավառի բժշկական կենտրոն: Երեխային ստուգելուց հետո պարզվել է, որ ամեն ինչ լավ է, և դուրս է գրվել: 

Տեղեկությունը, որ հենց 2-րդ միջնակարգ դպրոցից են եղել աշակերտները, Politik.am-ի հետ զրույցում հաստատեց դպրոցի տնօրեն Սվետլանա Դանիելյանը՝ նշելով սակայն, որ այդ դպրոցից որևէ աշակերտի ինքնազգացողություն չի վատացել, բժշկի կամ հիվանդանոց դիմող չի եղել: Տնօրենը սկզբում նշեց, որ կոնֆետ կերել են, ապա ասաց՝ «համարյա չեն կերել»: Հարցին թե ինչ է նշանակում՝ «համարյա», տնօրենը պատասխանեց.«Դե իմ ասածը էն ա, որ չեն հասցրել ուտեն: Կարող ա փողոցում ուրիշ մարդու են տվել»: 

Դանիելյանին հարցրինք նաև՝ ոստիկանություն դիմե՞լ են և ի՞նչ են պատասխանել.«Այո, դիմել ենք: Մենք կոնֆետները տվել ենք իրենց: Թե ինչ են արել, ես չգիտեմ: Էդ հարցով պետք ա իրենք զբաղվեին»:  

Սարուխանի ամբուլատորիայի տնօրեն Մելանյա Գևորգյանը մեզ հետ զրույցում հաստատեց՝ 2-րդ դպրոցի աշակերտներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է ընտանեկան բժշկին, վերջինս հարցրել է՝ այդ տված կոնֆետներից կերե՞լ է երեխան, պատասխանել են՝ այո, այդուհետ դիմել են Գավառի բժշկական կենտրոն: Գևորգյանն ասաց նաև՝ տեղյակ է, որ դպրոցից ոստիկանություն են դիմել:

Գավառի բժշկական կենտրոնից Politik.am-ին պատասխանեցին, որ օրեր առաջ երեխա դիմել է, բայց հստակ չեն կարող ասել՝ որտեղից էր, ամեն դեպքում թունավորում չի եղել, հակառակ դեպքում դիմած կլինեին ոստիկանություն:

Ոստիկանությունից Politik.am-ին հայտնեցին, որ այս բովանդակությամբ հաղորդում չեն ստացել, բայց ստուգում կիրականացնեն՝ ստուգելու բոլոր տեղեկությունները: