«Կարիք չկա մեր թիմից պաշտպանել հայոց լեզուն»․...

Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը։

Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության անդամներին հարցեր տալու համար հերթագրվել է 48 պատգամավոր։

Հարցուպատասխանի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ քննարկումների առիթ դարձած այն նախագծին,  ըստ որի՝ բուհերում չեն ներառվելու հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները՝ պարտադիր ուսուցվող առարկաների ցանկում։

«Տրամաբանությունն այն է, որ մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիք են ստանում և՛ հայոց լեզու, և՛ հայոց գրականություն, և՛ հայոց պատմություն առարկաներից, և ըստ էության ծրագրերի մեծ մասում դրանց կրկնությունը ոչ միայն ազդում է տվյալ մասնագետի որակների վրա, այլև մասնագիտական ծրագրի բովանդակության և որակի վրա»,- ասաց նա։

Նախարարը հավելում է, որ հանրակրթության ոլորտում բարեփոխումները պետք է հանգեն նրան, որ աշակերտները, բուհ գնալով, պետք է այդ առարկաներից ունենան բավարար գիտելիքներ։

«Բուհերում ուսանողները պետք է մասնագիտական առարկաների վրա կենտրոնանան»,- ասաց նա։

Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը նույնպես անդրադարձավ այս հարցին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորին մտահոգիչ է թվում այդ փոփոխությունը։ Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը շեշտեց․

«Կարիք չկա ինձանից և մեր թիմից պաշտպանել հայոց լեզուն, հայ գրականությունը և հայոց պատմությունը»։