Կարևոր մեսիջներ՝ Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան...

Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպումը հասարակության մեջ լայն արձագանք գտավ հիմնականում այն պատճառով, որ հանդիպմանը խախտվել էր արարողակարգը եւ չէր դրվել Արցախի պետական դրոշը։Արդարության համար պետք է նկատել, որ ՀՀԿ-ական իշխանության տարիներին ևս նման հանդիպումներ եղել են, որտեղ բացակայել է Արցախի դրոշը:

Սակայն իրականում հանդիպումը չափազանց կարեւոր ուղերձներ էր պարունակում նույնիսկ պաշտոնական լրահոսում տեղ գտած աղքատիկ հաղորդագրության տեքստում։

Նշենք, որ Ստեփանակերտն ի դեպ, շատ ավելի հակիրճ է եղել, իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում երկու առաջնորդների նախաբանային խոսքերն են մեջբերվել։

Հենց այս փաստը նկատի առնելով, եւ նախաբանային այդ տեքստերը աչքի առաջ ունենալով, կարող ենք ասել, որ Ստեփանակերտը մտադրություն է ունեցել իր հասարակությանը տեղեկացնել այս հանդիպման մասին, նշելով, որ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, օրինակ, մինչդեռ Երեւանի դեպքում հստակ շեշտադրումներ կան, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաբանային խոսքում։ Փաշինյանը մասնավորապես ասել է․ «Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և կարևոր եմ համարում մեր պարբերական հանդիպումները և շփումները: Իհարկե, հանրությունն այդ հանդիպումներից ու շփումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում, որովհետև մենք գործնականում անընդհատ կապի մեջ ենք և անընդհատ տարբեր հարցերով քննարկումներ ենք ունենում: Այսօրվա քննարկումն էլ կարծում եմ, կարևոր է, վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքները և տպավորությունները Ձեզ հետ կիսելու առումով: Այնպես որ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար»:

Ակնհայտ է դառնում մի բան՝ Հայաստանի վարչապետն ամեն գնով ուզում է շեշտած լինել, որ Երեւանի եւ Ստեփանակերտի հարաբերություններում ոչինչ չի փոխվել (ինչ որ շատ ակնարկային պատասխան է կարծես թե Վիտալի Բալասանյանին կամ այն հայտարարություններին, թե Երեւան-Ստեփանակերտ հարաբերություններում կան խնդիրներ) ու նույնիսկ շեշտում է, որ գործնականում անընդհատ կապի ու շատ հանդիպումների մասին հասարակությունը անգամ չի էլ տեղեկացվում, այսինքն, թե հասարակությունը մոլորության մեջ է գտնվում, մտածելով, թե ինչ որ բան այն չէ միասնական Հայրենիքի երկու պետականությունների միջեւ։ Թե ինչու է նման շեշտադրումներ արել Փաշինյանը, դժվար է ասել։ Այն կարող է ինչ որ մեսիջներ պարունակել եւ ներսի եւ դրսի համար։

Պակաս ուշագրավ չէ Բակո Սահակյանի խոսքը։ Նա մասնավորապես ասել է․ «Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ես նույնպես ուրախ եմ հանդիպման համար: Ինչպես կարգն է այս հանդիպումների ժամանակ քննարկել, տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, նշանավոր իրադարձություններ, և այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ: Եվ այս կարգի հանդիպումների ժամանակ մենք ի մի ենք բերում նախորդ ժամանակաշրջանի աշխատանքները և նախանշում հաջորդ մեր առաջադրանքները: Շատ ուրախ եմ հանդիպման համար»:

Բակո Սահակյանի խոսքում տեղի ունեցած նշանավոր իրադարձությունները, որոնց մասին ինքը պատրաստվում է տեղեկություններ հաղորդել, ամենայն հավանականությամբ կարող է առնչվել Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, առհասարակ նրա՝ վերջին շրջանում դրսեւորած կեցվածքին եւ կարելի է ասել, որ այս հանդիպման նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանինն է եղել, ով ուզել է հասկանալ, թե ինչ է կատարվում Ստեփանակերտում, հասկանալու համար, թե ինչ է անելու ինքը։ Այլ կերպ ասած, հանդիպումը եղել է զուտ ներքաղաքական օրակարգի շրջանակներում, անկախ այն հանգամանքից, որ Փաշինյանը հայտարարել է իր խոսքում, թե վերջին շրջանի կարեւոր հանդիպումների հետ կապված իր տպավորություններով է ուզում կիսվել, ակնարկելով Աշխաբադում իր երկժամյա զրույցի մասին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որը կայացավ Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում տրված ճաշի ժամանակ։